▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբո՞խ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ...

Բարև հայրենակիցներ:

Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: Մեր երկիրն իսկապես լուրջ առաջընթաց ուներ պետականաշինության գործում, և ի վերջո կարգավորել և շարունակում էինք կարգավորել էներգահամակարգը, ինչի արդյունքում ունեինք անխափան էլեկտրասնուցում, այն դեպքում, երբ Թբիլիսիում երկժամյա հովհարային անջատումների գրաֆիկն էր դեռ գործում: Էլ չեմ ասում կոռուպցիայի հարցում իրավիճակի մասին, ինչն անհամեմատելի էր մեր երկրներում: Վրաց ճանապարհային ավտոտեսուչը դարձել էր կոռուպցիայի կենդանի մարմնավորում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ տարածաշրջանում... Դե, բնականաբար, ես էլ ամենևին չչարախնդալով մեր բարեկամների դժվարությունների հարցով, այնուամենայնիվ, հպարտության զգացում էի ապրում մեր հաղթանակների և հաջողությունների համար:
Առաջին փոփոխությունը, որ զգացի իմ ընկերների հետ շփումներում՝ դա 2003 թվականին էր, Վարդերի հեղափոխությունից հետո, երբ սկսվեցին համակարգային լրջագույն բարեփոխումներ, հեղափոխական տրանսֆորմացիաներ: Եվ այդ փոփոխությունն ամենևին կենցաղային, առարկայական-շոշափելի չէր, քանզի իրական կյանքում, մարդկանց կենսակերպում այդ փոփոխություններն արտահայտվեցին որոշ ժամանակ հետո: Փոփոխությունը, որ ես զգացի, հոգեբանական դաշտում էր, զգացմունքային, և այս կամ այն տարբերությամբ հնչում էր հետևյալ կերպ. «մենք, վրացիներս, մինչ այս ունեինք պարզապես երկիր (տարածք), իսկ հիմա արդեն ունենք և կառուցում ենք պետություն (հայրենիք)»: Արդեն իսկ հասկանալի էր, որ հաջողություններն այստեղ անխուսափելի էին, և այդպես էլ եղավ:
Մենք այսօր Հանրապետության օրն ենք նշում, հայոց պետականության վերականգնման տոնը: Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ: Առաջնայինը հայրենիքի զգացողությունը չկորցնելն է: Առանց դրա մենք դատապարտված ենք կործանման, քանզի դրա հետևանքով անխուսափելիորեն գլուխ բարձրացնող ներքին մարտահրավերները (օրվա իրավիճակը՝ խոսուն վկա) մեզ անպաշտպան են դարձնում արտաքին մարտահրավերների առջև: 
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր Անրի Վերնոյի «Մայրիկ» գրքում կա մի հատված: Վերնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը (Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին) մուտքի վիզայի վրա դրոշմում է՝ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ: Դա իրավական կարգավիճակ էր... Սակայն ինչպես Անրի Վերնոն, այնպես էլ ճակատագրի բերումով հայրենազրկված և փախստականի ճակատագրի բովով անցած մեր շատ ու շատ տաղանդավոր հայորդիներ իրենց կյանքով ապացուցեցին, որ հայրենիքը նրանց մեջ է: Միևնույն ժամանակ, թե՛ սովետական տարիներին, թե՛ այժմ, այստեղ Հայաստանում ապրող, նույնիսկ հաճախ հասարակության մեջ բարձր ու հաստատուն դիրք ունեցող շատ-շատերն իրենց գործունեությամբ և կյանքով ԱՆՀԱՅՐԵՆԻՔ երևույթ են: 
Այսպիսով, հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է: Հայրենիքի զգացողությունը տիրոջ զգացողություն է: Եվ մենք այսօր կանգնած ենք ճակատագրական այլընտրանքի առաջ. լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբոխ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ:


ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին