«Բանակցային սեղան վերադարձը հեշտ չի լինի, սայլը տեղից չի շարժվում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է, գտնվում է փակուղային վիճակում: Որոշ հույսեր ներշնչում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Ամեն կերպ հետին պլան է մղում հետաքննության մեխանիզմի խնդիրը:
Մենք տեսանք, որ Համբուրգում համանախագահ երկրների պատվիրակությունների ծավալուն հայտարարությունն ինչպես միշտ չուներ հասցեականություն, չնայած ցանկացած մարդ, ով թեկուզ անուղղակիորեն զբաղվում է ղարաբաղյան կոնֆլիկի կարգավորման գործընթացում, հասկանում էր, թե խոսքը որ երկրին է ուղղված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով.
«Ադրբեջանի քայլերը, գործողությունները չարժանանալով պատշաճ արձագանքի, նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացողություն և մթնոլորտ, որն ինչ-որ պահի կարող է դուրս գալ սահմաններից: Դրա ականատեսը եղանք ապրիլին: Ադրբեջանը նախաձեռնեց պլանավորած ռազմական գործողություն, փորձեց օգտագործել նաև անսպասելիության գործոնը՝ առավելության հասնելու նպատակով: Կարծում եմ, որ միջազգային, այդ թվում միջնորդական առաքելություն իրականցնող մեր գործընկերները, սրանից դասեր քաղեցին»:
Անի Կարապետյան