Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Ըստ ասեկոսեների, այս պաշտոնի համար ամենահավանական և երկու կուսակցությունների համար ընդունելի թեկնածուն պատմաբան Լևոն Մկրտչյանն է:
Նա տարբեր տարիներին պաշտոններ է զբաղացրել կառավարությունում, եղել է ԱԳ փոխնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար և ամենակարևորը՝ երկու անգամ եղել է հենց Կրթության և գիտության նախարար՝ 1998-ից 99 , 2001-ից 2003 և 2006-ից 2008 թվականներին:
Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Լևոն Մկրտչյանը չի ցանկանում երրորդ անգամ նշանակվել այդ պաշտոնում և իր սրտով ավելի շատ եվրոպական որևէ երկում դեսպան աշխատելն է, ինչի մասին, ի դեպ, խոսվում էր դեռ երկու տարի առաջ:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն քննարկել են ևս մի քանի պաշտոններում դաշնակցական գործիչներ նշանակելու հարցը:
Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Աղվան Վարդանյանը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հաննաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանն էլ ստանալու է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: