Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին երեկ երեկոյան ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պետք է քննարկվի այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
Այս մասին Twitter իր միկրոբոլգում գրել է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:
Ապրիլի 4-ին Պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ բրիֆինգի ընթացքում հաստատել է Լավրով-Քերրի հեռախոսազրույցի փաստը և նշել, որ Միացյալ Նահանգները նույնպես կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որոնք սկսվել էին ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով:
Թոները նաև վկայակոչել է հակամարտության լարվածության կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ մտահոգված ենք բռնություների աճի կապակցությամբ: Վերջին հաշվով, երկու պետությունների ղեկավարները՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսևորեն հրադադարի մասին համաձայնության և հարատև խաղաղության հասնելու համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ պատրաստ ենք ջանքեր ներդնել երկու կողմերին բանակցային գործընթացում կրկին ներգրավելու համար»,- հայտարարել է Թոները։