Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մամուլը գրում է, թե իբր երեկ Երևան ժամանած Սերգեյ Լավրովը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված մի քանի շրջան, որպեսզի վերջինս մաս կազմի ԵՏՄ-ին:
Ոչ միայն չեմ բացառում, այլ տեսականորեն շատ հնարավոր եմ համարում, որ Ռուսաստանն ունենա նման մտադրություն, մանավանդ, որ այն տեղավորվում է Պուտինի կայսերական քաղաքականության տրամաբանության մեջ: Գործնականում հնարավոր չեմ համարում նման նախագծի ռեալիզացիան:
Նախ, աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում, Մոսկվան պարզապես չունի ռեսուրսներ՝ ապահովելու ԼՂ խնդրի կարգավորման որևէ տարբերակի սպոնսորություն(Ռուսաստանը թաթախված է բազմաթիվ կոնֆլիկտներում՝ Ուկրաինա, Սիրիա, դրան գումարած՝ տնտեսական ճգնաժամը):
Երկրորդ, Ադրբեջանի քաղաքական օրակարգում չկա ԵՏՄ-ին անդամակցելու խնդիր, ավելին՝ նման հեռանկարը հակասում է այդ երկրի տնտեսական շահերին: Բացի այդ, Բաքվում հազիվ թե հավատան ռուսական երաշխիքներին:
Լավրովը հմուտ դիվանագետ է ու այս ամենը հասկանալով՝ դժվար թե Երևանում զբաղվեր ժամավաճառությամբ: