▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրճատումներ Հ1-ում և Հ1-ի վերելակի «ուղևորափոխադրումներում»

Asekose.am-ի տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության նորանշանակ գործադիր տնօրենը ամռան շոգին վերելակից նախընտրում է օգտվել միայնակ: Դեպքեր են եղել, երբ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը առաջարկել է Հ1-ի աշխատակիցներին դուրս գալ վերելակից` պատճառաբանելով ամռան շոգն  ու իր կին, և առավել ևս`  տնօրեն լինելու փաստը: Հատկանշական է, որ Մարգարիտա Գրիգորյանի նախկին աշխատավայրերից մեկում` Մշակույթի նախարարությունում, նախարար  Հասմիկ Պողոսյանն էր նմանատիպ  հրահանգ տվել` ստիպելով, որ նախարարության աշխատակիցները օգտվեն ոչ թե մարդատար, այլ`  բեռնատար վերելակից. սակայն, ի դժբախտություն Հ1-ի աշխատակիցները, Հանրային հեռուստաընկերության շենքում միայն մարդատար վերելակ է:

Հաջորդ զավեշտալի դեպքն, ըստ ասեկոսեների,  այն է եղել, որ Հ1-ի պահակակետի ոստիկան աշխատակցուհուն տնօրեն  Մարգարիտա Գրիգորյանը ուղարկել է  պիցցա գնելու,սակայն վերջինս պատասխանել է, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում` առավել ևս նա ծառայության մեջ է ոստիկանության պահակակետում և իրավունք չունի լքել այն: Սրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, պահակակետի աշխատակցուհին այլևս չի հերթապահել Հ1-ում:  

Asekose.am-ի թղթակիցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին դիմել էր գրավոր հարցմամբ`  վերոհիշյալ դեպքերի մասին  պարզաբանումների համար և հանրային հեռուստաընկերությունում սպասվող կրճատումների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: Պատասխանը ստացվել  է  ոչ թե  տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից, այլ` հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանրային հեռուստաընկերությունում ընթացող և  նոր կրճատումների հավանականության մասին հարցին ի պատասխան,  հասարակայնության և կապերի բաժնից պատասխանել են, որ կլինեն որոշակի կադրային փոփոխություններ` ինչպես ստեղծագործական, կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական հատվածներում.  

 «Կադրային փոփոխություններ կատարելն անխուսափելի գործընթաց է, որը պայմանավորված է հեռուստաընկերության արտադրական ծավալների նվազմամբ: Որոշ փոփոխություններ էլ կլինեն կապված այն հանգամանքով, որ մի քանի աշխատակիցներ պետք է անցնեն կենսաթոշակի:  Հանրային հեռուստաընկերությունը թեւակոխել է լայնածավալ բարեփոխումների փուլ: Իսկ դա նշանակում է, որ կլինեն փոփոխություններ կապված ինչպես հաղորդումների որակի, բնույթի, այնպես էլ՝ աշխատակիցների հետ: Կատարվելիք փոփոխությունները  հիմնավորված են հեռուստաարտադրանքի նկատմամբ հանրության լայն շրջանակների` այդ թվում նաեւ Ձեր եւ Ձեր գործընկերների, արդարացի դժգոհություններով», - ասված է պատասխան նամակում:

Ուշագրավ է Առաջին ալիքում  դժգոհությունների առիթ դարձած էթիկայի խախտման դեպքերի մասին մեր հարցադրման պատասխանը:  Այս հարցերը ներկայացնելիս մենք ստիպված էինք դրանք  «զավեշտալի» դեպքեր համարել, քանի որ որևէ մեկի մտքով, թերևս,  չի  անցնում նման դեպքերի հավանականությունը:

Ինչևէ` մենք պարտավոր ենք ներկայացնել ցանկացած տեղեկություն ու ճշտել ու ներկայացնել այդ մասին պարզաբանումը:

Եվ այսպես, վերոհիշյալ միջադեպերի մասին ի պատասխան  Առաջին ալիքից գրել են.

«Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցերին, ապա դրանք, ինչպես ինքներդ եք նշում, «զավեշտալի» են եւ իրենց բնույթով ու բովանդակությամբ ընդամենը ասեկոսեներ են, ուստի պաշտոնական մեկնաբանություն եւ պատասխան չեն ենթադրում: Կարծում եմ այս հարցերը բնորոշ են լրատվադաշտում թեմաների սակավությամբ առանձնացող «ամառային սեզոնին»:

Շնորհակալություն հայտնելով Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին մեր հարցադրմանը պատասխանելու համար` ցանկանում ենք հիշեցնել, որ, ըստ շրջանառվող լուրերի, հենց  «ամառային սեզոնին» բնորոշ շոգի պատճառով է սկիզբ առել վերելակի պատմությունը, իսկ  լրատվադաշտում թեմաների սակավության խնդրի առումով, կարծում ենք, բողոքելու առիթ  որևէ մեկը  չունի, քանի որ դրանց համար հիմք են հանդիսանում  ասեկոսեները, որոնք հաճախ կամ գրեթե միշտ հավաստի են դառնում:

 

Հեղինակ` Նանե Բագրատունի 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին