Ռուս-թուրքական հարաբերություններում առկա խորացող ճգնաժամը մեղմվելու նվզագույն նախադրյալներն անգամ չունի: Ավելին՝ եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը, անսալով պաշտոնական Անկարայի երբեմն սպառնալից, երբեմն քնքույշ հորդորներին, իր թուրք գործընկերոջ հետ ուղիղ կոնտակտի գնալու համաձայնություն տա, ապա դա կարող է լավ հնարավորություն ընձեռել համապատասխան ուժերին առկա դիմակայությունն էլ ավելի խորացնելու համար:
Ամենայն հավանականությամբ, Կրեմլում լավ են գիտակցում Պուտին-Էրդողան մակարդակում հնարավոր ուղիղ շփումների վտանգը և հենց դա է պատճառը, որ թուրք-սիրիական սահմանամերձ գոտու օդային տարածքում տեղի ունեցած վերջին միջադեպի համատեքստում ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույց ունենալու վերաբերյալ նախագահ Էրդողանի խնդրանքն անտեսվել է պաշտոնական Մոսկվայի կողմից:
Վերջին ամիսների ընթացքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում այդ երկու պետությունների առաջին դեմքերի մակարդակով շփումների վերսկսումը կդիտարկվի որպես ռուսական կողմի նահանջ Թուրքիայի վարքագիծը խստորեն դատապարտելու դիրքերից և կարելի է չկասկածել անգամ, որ երկու նախագահների առաջին իսկ զրույցից հետո շատ չանցած թուրքական կողմը կրկին կդիմի Մոսկվայի շահերի դեմ ուղղված մի այնպիսի նոր ցավոտ ու նվաստացուցիչ քայլի, որը լուրջ հարված կհասցնի Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի վարկին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Կարևոր է, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ու նաև Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցները հանդիսացող Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների ղեկավարները ռուս-թուրքական ռազմաքաղաքական ճգնաժամի համատեքստում հանդես չգան անիմաստ ու անպտուղ միջնորդական նախաձեռնություններով–այդպիսի միջնորդական փորձերը, թուրքական կողմի մոտ առկա ճգնաժամը խորացնելու և փոխադարձ թշնամանքի տարածքային ընդգրկումն ավելացնելու տրամադրվածության պայմաններում, միայն կվարկաբեկեն այդ փորձերը նախաձեռնողներին և բացասական ազդեցություն կունենան նրանց և Կրեմլի միջև առկա փոխվստահության մակարդակի վրա: