▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրծքերի ազատություն...

Երկար եմ մտածել այս նյութը հրապարակելու շուրջ, փորձել աչք փակել, լռել: Մի կողմից իմ մեջ խոսում է անձնական ազատության ձգտող անհատը, մյուս կողմից էլ` դաստիարակության ու ներքին կուլտուրայի, բարոյականության օրենքներով ձևավորված մարդը: Բայց այն, ինչի մասին պիտի խոսեմ ոչ մի կապ չունի մարդու ազատության, նրա անձնական կյանքի հետ: Ես երբեք աչքի չեմ ընկել ավելորդ նահապետականությամբ, պահպանողականությամբ, էլ չեմ ասում, որ եկեղեցու հանդեպ չունեմ դոգմատիկ վերաբերմունք, ավելին, շատ հաճախ քննադատում եմ եկեղեցուն վերաբերող այլևայլ հարցեր: Իսկ այժմ ահա, ցանկանում եմ հանդես գալ պահանջով, հորդորով, դիմումով և բողոքով` հուսալով, որ եկեղեցական բարձր պաշտոններում կանգնած մարդիկ ականջալուր կլինեն ինձ: Ես պահանջում եմ հարգանք պապերիս հավատի նկատմամբ, պահանջում եմ պատշաճ վերաբերմունք հայ եկեղեցուն` որպես աղոթատեղի, Աստծո տուն: Ես չեմ ցանկանում հաջորդ անգամ ընտանիքիս, կամ արտերկրից ժամանած հյուրերիս հետ Մայր Աթոռում, Գեղարդում, Սևանավանքում, կամ որևիցե մեկ այլ վայրում տեսնել էժանագին մարմնավաճառին հարիր հագուկապով սալոտ կանանց ու դեռատի աղջիկների, չեմ ուզում տեսնել փռչոտ ոտքերն ու փորը բացած տղամարդկանց, ովքեր հողաթափերը քսքստացնելով` մուտք են գործում եկեղեցի` ձևական մոմավառության:Եկեղեցին այն վայրը չէ, որպեսզի անցնելուց "մի մոմենտ մտնես, դուրս գաս", և ոչ էլ այն վայրն է, որ քաղաքից դուրս հանգստանալու ընթացքում ձեռքի հետ մտնես, մոմ վառես: եկեղեցի գնալիս պիտի պատրաստվես թե՛ հոգեպես, թե՛ արտաքնապես: Պահանջում եմ կոնկրետ կարգուկանոն մտցնել և հետևել, որպեսզի կարգազանցները պատժվեն: Կասեք, որ նման կերպ մենք կվանենք մեր առանց այդ էլ նոսրացող հոտը, ու ջուր կլցնենք աղանդավորների ջրաղացին: Իսկ ես էլ երկուստեք կպատասխանեմ:
ա. ավելի լավ է նմաններն ընդհանրապես չմտնեն եկեղեցի, քան իրենց ներկայությամբ զայրույթ պատճառեն հավատացյալին ու հոգևորականին
բ. վրացական եկեղեցին բավականին խիստ է վերաբերում նման հարցերի, անհնար է Վրաստանի որևէ եկեղեցում առանց գլխաշորի, տաբատով, կամ կարճ փեշով կին տեսնել, էլ չեմ խոսում շորտերով կամ հողաթափերով տղամարդկանց մասին, նրանք հարգում ու ենթարկվում են եկեղեցու օրենքներին, ու հավատացե՛ք, վրացական եկեղեցին հավատացյալների պակաս չի զգում

ՀԳ. Հուսով եմ Վեհարանում կքննարկվի այս թեման և համարժեք որոշումներ կկայացվեն, այլապես թո՛ղ պատրաստվեն այսուհետ ինձ քաղմասներից ազատել` անբարոյականների քիթ ջարդելու համար:
ՀՀԳ. Ու այս ամենն ասում է մի մարդ, ով ո՛չ եկեղեցու ակտիվ հետևորդ է, ո՛չ էլ մոլի հավատացյալ, այլ մարդ, ով հետևում է բարոյական ու էսթետիկական արժեքներին:

Յա Շա-ի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին