Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր
***
Թարմացված. Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից խնդրում են անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։
***
Թարմացված. ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է է․ «Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
***
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։
Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ, հնարավոր է, վիրավորների թիվն ավելի շատ լինի։
Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։
Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։