▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կորուսյալ հայրենիք»-ից կորուսյալ Հայաստա՞ն …

 Երեկ Արա Նախշքարյանի «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ն էի դիտում։ Ամեն անգամ անբացատրելի խորը ցավ ես զգում քո Մեծ ու իրական կորուսյալ երկրի մասին լսելիս։ Հազարամյակներ շարունակ այդ երկրում ապրող, այդտեղ քաղաքակրթություն ստեղծած բնիկների՝ քո նախնիների բնօրրանը, հայրենիքը պատկանում է օտարին, քո ժողովրդին կործանողին, ֆիզիկապես ոչնչացնողին։ Քո նախնիների, պապերի կառուցած տներում օտարներ են ապրում, նրանց կառուցած կոթողներն անտերության են մատնված, քանդում են կամ, լավագույն դեպքում, օգտագործում որպես հարդանոց ու ախոռ, որպես մզկիթ...

 Այդ երկիրն այլևս կորսված է, այլևս քոնը չի լինելու։ Քոնը միայն քարտեզն է մնացել այդ երկրից՝ Մեծ Հայք անվամբ։ Սա է դառն իրողությունը։ Վանը, Մուշը, Սասունը ետ բերելու մասին խոսքերը պարապ զառանցանք են, ցավոք։ Այն ետ վերադարձնելու համար մենք պետք է Մեծ հայրենիքից մի կերպ փրկված, ՀՀ կոչվող այս տարածքում Իսրայելի պես պետություն կառուցեինք։ Միակ ելքը դա էր։ Դրա հնարավորությունը մենք ունեինք, բայց ոչինչ չենք արել։ Բոլոր գնացքները բաց ենք թողել։ Փոխարենն ավելի վատթարագույնն ենք անում՝ հակառակ ուղղությամբ ենք շարժվում...

Կորուստները ողբալու, կորուստների համար լալու ժամանակ չկա այլևս։ Այսօր պիտի մտածենք Մեծ երկրից մի կերպ փրկված բեկորը (ՀՀ և Արցախ) պահելու մասին։ Հիմա թուրքը, ազերին մեր ամենաառաջին թշնամին չէ։ Հիմա նա մնացել է սահմանի մյուս կողմում։ Հիմա մի նոր թշնամի կա, քեզնից սերվածը, քո կողքին մեծացած տականքը՝ ներքին թուրքը։ Եղածը փրկելու համար պետք է սրանցից ազատվել։ Նա թուրքից ոչ պակաս նենգ ու ստոր է, ոչ պակաս ագահ ու գարշելի։ Սրանց դեմ պետք է պայքարել ու հաղթել։ Փախուստը, հեռանալը փոքրոգություն է, սեփական արժանապատվության կոխկրտում, պապերիդ, նախնիներիդ կողմից քեզ կտակածի հանդեպ դավաճանություն։ Այլապես...

Այլապես վաղը աշխարհի տարբեր ծերերից մենք ողբալու ենք ոչ միայն Զեյթունի, Մուշի, Վանի, Կարսի համար, այլ նաև Երևանի, Սևանի, Սյունիքի, Արցախի, մի ողջ երկրի՝ Հայոց երկրի կորուստը։ Իսկ մեր խղճին ծանրացած է լինելու մի շատ մեծ ու անբացատրելի դաժան ցավ՝ սեփական Մեղքի ցավը։ Մենք նման ենք լինելու այն անառակ որդուն, որը մսխել է իրեն կտակված ամեն ինչ և, ի տարբերություն բիբլիական հերոսի, հետդարձի տեղ չունի...

28.04.13

 Վարդգես Օվյան

Աղբյուրը` vardgesovyan.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին