▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիայի դեմ կատարած քայլերի մասին հանրային հաշվետվություն կներկայացնեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Առաջին հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարություն: 
Երկրորդ՝ ապօրինի հարստացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ: Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի:

Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին` Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկման ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը:
Երրորդ հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: Նախ անհրաժեշտ է ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները` սահմանելով և´ կրթական, և´ կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ: Բացի դրանից, անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:
Չորրորդ՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը:

Իհարկե, ներկայում արդեն պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, օրինակ` կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, ովքեր, այս ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են, օրինակ, խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ, կոռուպցիոն տեսանկյունից «ռիսկային» գործունեության մեջ: Այդ իսկ պատճառով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից:
Հինգերորդ հանձնարարականը վերաբերում է, այսպես կոչված, ազդարարների համակարգին: Տարբեր երկրներում այս ոլորտում առկա փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Եթե այլ երկրներում ձևավորված մոտեցում է պաշտպանության նպատակով ազդարարներին մեկ բնակավայրից մյուսը տեղափոխելը, ապա նույնը Հայաստանում արդյունավետ լինել չի կարող: Ուստի ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել արդյունավետ եղանակներ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ:


Վեցերորդ՝ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման վերաբերյալ»:

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով նաև հասարակական կարգապահությանը և առողջ ապրելակերպին, նշել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հետ կապված հասարակության արձագանքները և իրականացված ուսումնասիրության արդյունքները բավականին մտահոգիչ են: «Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնողը, գործող օրենսդրությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում: Առաջարկում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին», - ասել է ՀՀ վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին