ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Ստեփան Դեմիրճյանն այսօր այցելել են «Նուբարաշեն« ՔԿՀ, որտեղ հանդիպել են կալանավորներ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Կյուրեղյանին: Պատգամավորները լսել են կալանավորների բողոքները, եւ տեղեկացվել են, որ Կյուրեղյանը դուրս է եկել ջրադուլից, Սաֆարյանը` հացադուլից: Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանավորված տղաների պահանջները կատարվել են. Սաֆարյանին հանել են վտանգավոր համարվող կալանավորվածների խցից եւ տեղափոխել մեկ այլ խուց, որտեղ 4 այլ` ոչ վտանգավոր համարվող բանտարկյալներ կան. Սաֆարյանը ցանկություն է հայտնել մնալ այդ խցում: Հայկ Կյուրեղյանն էլ այժմ գտնվում է մենախցում եւ ասել է, որ իրեն այդտեղ հարմար է զգում եւ ցանկանում է մնալ այդտեղ:
Արամ Մանուկյանը փոխանցեց, որ տղաների ինքնազգացողությունն արդեն լավ է, եւ նրանց`այլ խցեր չտեղափոխելու խնդրանք-պահանջը փոխանցել են ՔԿՀ ղեկավարությանը:
Պատգամավորները նաեւ խոհեմության կոչ են անում իշխանությանը՝ հիշեցնելով, որ այս օրերին, երբ ԵԽԽՎ-ում լուրջ վտանգներ կան ղարաբաղյան հարցի շուրջ, այնպես չանել, որ ընդդիմությունն այդ խնդիրները թողած`իր ուշադրությունը կենտրոնացնի այլ հարցերի վրա:
Արամ Մանուկյանն ասաց, որ մինչ այդ՝ ինքն ու Լեւոն Զուրաբյանը հանդիպել են Մարաշի խմբի գործով կալանավորված Վլադիմիր Առաքելյանին եւ Գառնիկ Մարգարյանին: Մանուկյանը նշեց, որ իրենք մանրամասն հետաքրքրվել են նրանց պահման պայմաններով ու առողջական վիճակով, նաեւ հույս են հայտնել, որ գործերի իրավական ընթացքը պայմանավորված չի լինի վերջիններիս քաղաքական գործունեությամբ: Արամ Մանուկյանը նշեց, որ Առաքելյանի եւ Մարգարյանի առոջղական վիճակը բավարար էր, եւ որ իրենք հետեւողական կլինեն այդ գործով եւս:
Մանուկյանը նաեւ նշեց, որ դրանից առաջ ինքն ու Զուրաբյանը այցելել են նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին եւ հետաքրքրվել նրա առողջությամբ ու գործի ընթացքով:
«Ընդհանրապես, մենք անընդհատ լինելու ենք այն մարդկանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն, կամ ովքեր անարդար են կալանավորվել, մշտադիտարկում ենք իրականացնելու` անկախ այն բանից, նրանք մեր համախոհներն են, թե ոչ»,- ասաց Մանուկյանը: