▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրեսականները բարձրաձայնում են Սիրիայում հայերին սպառնացող վտանգը

Ամերիկյան կոնգրեսականները ահազանգ են հնչեցնում՝ Մերձավոր Արեւելքում հայերի եւ հայկական հուշարձանների դեմ հարձակումների կապակցությամբ: Ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Փոլ Վալենբերգի անվան հիմնադրամի պատվավոր միջոցառմանը, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծեց խնդրի կարեւորությունը.

«Իսլամական պետություն» խմբավորումը պատմական այլ հուշարձանների թվում ոչնչացնում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանները»:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսն իր կողմից ավելացրեց, որ վտանգված են Սիրիայում բնակվող հազարավոր հայերի կյանքեր.

«Մենք բոլորս տեղյակ ենք, որ հայ քրիստոնյաների դեմ ծայրահեղական խմբերի կողմից թիրախավորված հարձակումներ են կատարում թե՛ Ալ Նուսրան եր թե՛ «Իսլամական պետություն» խմբավորումը: Այնտեղ հայերի դեմ մեր աչքի առաջ ահավոր բռնություններ են կատարվում, ընդ որում՝ հենց հայերի աղոթատեղիներում՝ Քեսաբում, Դեր Զորում, Հալեպում»:

Կոնգրեսականի խոսքով, առաջադեմ աշխարհին անհրաժեշտ է միջամտել եւ դադարեցնել արյունահեղությունը, հակառակ դեպքում քրիստոնյաների նկատմամբ ընթացող եղեռնը կարող է հսկայական ծավալների հասնել, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբում, Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ գործած Ցեղասպանության ժամանակ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրին, կոնգրեսական ընդգծեց առաջին հերթին Թուրքիայի կողմից դրա ճանաչման անհրաժեշտությունը.

«Հանցանքի չափերը նվազեցնելու կամ պատերազմի հետեւանքներով այն բացատրելու փորձերն ուղղակի անհեթեթ են»:

Միայն անցյալի սխալները ճանաչելուց հետո հնարավոր է ճիշտ ապագա կառուցել, համոզված է Ռոյսը: Նրա հետ համամիտ է նաեւ կոնգրեսական Սփիրը, որը պատմեց, որ այս տարվա ապրիլին Ծիծեռնակաբերդում երդում է տվել.

«Հայաստանում ես երդվեցի պահանջատեր լինել եւ երբեք չմոռանալ եւ այժմ միշտ կրում եմ անմոռուկով այս վզնոցը՝ ի նշան երդումներիս»:

Ամերիկայի ձայնի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին