«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել եւ այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ:
Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի:
Այս կարեւոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս եւ էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա: 2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժեքի հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի: Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով:
Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաեւ նպաստել բիզնեսի աշխուժացմանը եւ հարկային եկամուտների աճին: Ուշագրավ է, որ ֆինանսատնտեսական պայմանների փոփոխություններ չկան եւ նշված որոշումը ԿԲ-ն կարող էր կայացնել նաեւ ամիսներ առաջ, ինչը համառորեն չէր անում:
Ի դեպ, այսօր ԿԲ-ն նաեւ քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: Եթե որոշվի, որ այդ տոկոսադրույքը նվազեցվում է ոչ թե 0.25 տոկոսով, այլ 0.5 տոկոսով, նշանակում է ԿԲ-ի որոշումը առաջին հերթին պայմանավորված է քաղաքական նկատառումներով եւ սրանով ԿԲ-ն աջակցելու է նոր վարչապետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում