Հոկտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Քայլ ձիով» հայ-ղազախական ֆիլմի պրեմիերան:
«Քայլ ձիով» ֆիլմը նախաձեռնել է «Շարմ» ընկերությունը: Ֆիլմի սցենարը գրել են “ԱրմՔոմեդի”-ի տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյան է, իսկ գլխավոր դերերում` Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը և Ասել Սագատովան:
Ֆիլմը պատմում է Ղազախստանում շախմատային մրցության ժամանակ սկսված պատմություն, որն իր շարունակությունն է գտնում Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերում: «Գլխավոր հերոսները շատ հետաքրքիր ճանապարհ են անցնում: Միտք կար Հայաստանը ցույց տալ զբոսաշրջիկի աչքերով: Իսկ հենց շախամատային մրցության թեման ընտրվեց, քանի որ այն արդեն վաղուց դարձել է մեր այցեքարտը»,-պրեմիերայից առաջ լրագրողներին ասել է ֆիլմի սցենարիստ Նարեկ Մարգարյանը:
Ֆիլմը նվիրված է Մարկ Սաղաթելյանի հիշատակին, ով նույնպես մասնակցել էր նկարահանումներին. «Մարկը իր բոլոր տեսարաններում նկարահանվել էր մինչև նրա հետ տեղի ունեցած դժբախտությունը, իսկ ֆիլմի սցենարում այդ առիթով փոփոխություններ չեն եղել»,- ասել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:
Ֆիլմի սաունդթրեքը կատարել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ հատուկ ֆիլմի համար գրելով «Չի կարելի» երգը: