Իսպանիայի Telemadrid ալիքով եթեր է հեռարձակվել «Աշխարհը մադրիդցիների աչքերով» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է եղել Հայաստանին: Հաղորդումը նկարահանվել է 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Հատկանշականն այն է, որ հաղորդման ժամանակ մի շարք սխալ տեղեկություններ են հաղորդվել Հայաստանի մասին, ինչն առաջացրել է Իսպանիայում բնակվող հայերի զայրույթն ու դժգոհությունը:
Հաղորդման դրվագներից մեկում մեքենայի մեջ աղջիկը հարցնում է տղային, թե ինչու Հայաստանում ծառեր չկան, ինչին ի պատասխան երիտասարդը նշում է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո բավական վատ վիճակում է եղել, և մարդիկ ստիպված են եղել ծառերը հատելու՝ իրենց բնակարանները տաքացնելու համար: Խոսակցության ժամանակ տղան հավաստիացնում է նաև, որ Հայաստանում ճանապարհային ոստիկանների հետ միշտ հնարավորություն կա ընդհանու լեզու գտնել փողի միջոցով, երբ ոստիկանները հասկանում են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, այսինքն՝ ճանապարհային ոստիկանները կաշառք են վերցնում վարորդներից՝ նրանց խախտումները չարձանագրելու համար:
Երիտասարդն աղջկան նաև դեղեր է ցույց տալիս՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք պետք է դրանք ունենա իր մեքենայի մեջ, քանի որ Հայաստանում շատ վտանգավոր կենդանիներ ու սողուններ կան՝ հատկապես թունավոր օձեր: