▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարինի՝ Ռոսլինի իմաստուն ու խոնարհ դպիրի թավշե հայացքը և այլն…

Սեղանիցս, հայացքիցս ու մտքիցս գրեթե անբաժան է Չարենցի «Գիրք ճանապարհին»... և ոչ միայն նրա համար, որ տարիներ առաջ իր առաջաբանով լույս տեսած ժողովածուն Հրանտ Մաթևոսյանն է նվիրել:

Ինքնախոսության, հյուծող դատարկության ու անելի պահին նրա հետ եմ՝ մեր անղեկ մաքառումից ժանգոտ, հաշտված լռությունից ու կեղծ հավատարմությունից անվերջ ամուլ երթը հասկանալու ցավով ու խոհով։
Լուսամուտիցս մեկ փողոց այն կողմ Ազատության հրապարակն է. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի տասներորդ օրը։ Արթնացող գարնան կապույտ երկնքի, մեր սարերից եկող ու հրապարակում սուրացող քամիների մեջ մենակ, շատ մենակ, համարյա կապույտի մեջ նստած է Րաֆֆին՝ կողքին Կարինը՝ Ռոսլինի իմաստուն ու խոնարհ դպիրի թավշե հայացքով։ «Գանձերս»՝ ականջիս շշնջում է Արմինեն, ու նրա հեզ ու հպարտ ժպիտի մեջ ցավ կա, անհանգրվան տագնապ, զոհաբերություն ու սեր, սեր...
Ես ու երևի հրապարակով անցնողները (և ոչ միայն հրապարակով) մարդանում ենք Րաֆֆիով, ապշում Կարինի նվիրումից ու նախանձում Արմինեի ցավին...
Ու թվում է, գրեթե համոզված լինելու չափ թվում է, թե այս անգամ մեր հավաքական ճիգն ու իմաստնությունը մեզ ափ կհանի։ Գրեթե համոզված լինելու չափ թվում է, թե անվերջ խարխափելու ու մոլորվելու, անցյալի դառն ու անպատվաբեր բեռից ազատվելու ու այս եղծված իրականությունը խմբագրելու խոհեմությունը կսթափեցնի մեզ։ Բայց՝ ոչ, մենք էլի նույնն ենք, մեզ նման...
Ժողովրդի հետ ենք՝ ասում են ոմանք ու շարունակում խարխափել մարող ու անլույս արահետում, ժողովրդի հետ ենք՝ ասում են մյուսներն ու հերթական ընտրությունից առաջ կենտրոնացնում տրակտորաձայն անպարտակելի փողերը, ժողովրդի հետ ենք՝ ասում են երրորդներն ու ռետինե մահակները յուղում, ժողովրդի հետ ենք՝ ասում են մյուսներն ու ավելացնում, բայց ճիշտը մենք ենք, ժողովրդի հետ ենք՝ ասում են մի ուրիշ մյուսներ ու լքում Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹՅԱՆ հրապարակը։
«Մեր թիվ մեկ խնդիրը հասարակության համերաշխությունն է». տիզբոնաբնույթ ասուլիսում հայտարարում է Սերժ Սարգսյանը։ Համաձայն եմ նրա հետ։ Բայց մի վերապահությամբ կամ կարևոր պայմանով՝ նա մոռանում է, որ միայն հավասար իրավունքներով ազգի բոլոր անդամները կարող են քաղաքացիական հասարակություն ստեղծել, ձևավորել սահմանադրական պետություն ու ապրել հանրային համերաշխության մթնոլորտում։ Նա մոռանում է նաև, որ նման պետության համար նախ անհրաժեշտ էր, որ աշխատեին սահմանադրությամբ ամրագրված բոլոր ինստիտուտները ….(«Տարոն սիրուն չի» մոդելը բացառող)։ Իսկ մենք ժամանակ ունեիք տեղծելու և երաշխավորելու քաղաքական այն միջավայրն ու մշակույթը, ուր մարդկանց կառավարում են օրենքները, իսկ օրենքներին՝ բանականությունը։
Եվ ի վերջո՝ նա մոռանոմ է նաև, որ հասարակության համերաշխությունը քայքայվում է այն ժամանակ, երբ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ Են ՍՏԵՂԾՎՈՒՄ, ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ։ «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ» արդարացիորեն նաև Հովհաննես Թումանյանի խոսքն է կրկնում Սերժ Սարգսյանը, ու ես դարձյալ համաձայն եմ նրա հետ։ Չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ընտանիքների մեծ մասը քայքայված ու անհայր է արտագաղթի ու անգործության պատճառով, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի կեսից մի փոքր պակասն ամենօրյա նվաստացման է դատապարտված աղքատության ոորոգայթներում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի ազատությունն ու հեռանկարը ընրությունից ընտրություն 10-15 000 հազար դրամ է գնահատվում, չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի «ազգընտիրը» մռութ ջարդելու փիլիսոփայությամբ ու վարքականոնով է ապրում՝ իրավունքի ու արդարության բոլոր հայտարարությունները դարձնելով գարշելի ու ցավացնող առասպել, և իհարկե չի կարող դառնացած չլինել մի ժողովուրդ, որի իշխանությունը թաթախված է կեղծիքի, ցինիզմի ու ստի մեջ։
Սերժ Սարգսյանը, մոռանում է նաև, որ, երբ հեռավոր 1910 թվականին Հովհաննես Թումանյանը գրում ու ասում էր «Դառնացած ժողովուրդ ենք», մենք անթիկունք էինք, ու մեր բզկտված ու անղեկ հայրենիքում Ամենայն Հայոց բանաստեղծն էր սպիտակ դրոշով համերաշխություն քարոզում։
Հարյուր և երեք տարի է անցել, ու ողբերգությունն էլ հենց այն է, որ մեր երթն իբրև թե անստույգ չէ, նրա ղեկին՝ նախագահ կա, և Անկախ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ մեր երկրի գլուխն ու մեր իրավունքների երաշխավորը նա պիտի լիներ։ 
Ի դեպ, Թումանյանն իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում նաև սա է ասում. «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ ... դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։ Առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ ՈՒ ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ»:  
Իսկ մինչ այդ հացադուլի տասներորդ օրն է։ Արթնացող գարնան կապույտ երկնքի ու մեր հրապարակում սարերից սուրացող քամիների մեջ մենակ, շատ մենակ համարյա կապույտի մեջ նստած է Րաֆֆին։ 
Հայ ժողովրդի միասնության մասին Չարենցի անհաս բանաձևն արդեն իբրև անեծք է հնչում ու ականջներումս խշշում.՝ «Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա... Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...»:
Վաղը հացադուլի տասնմեկերորդ օրն է...

 

ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին