Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 28-ին հայտնել է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից է իմանում, որ իբրև հրաժարականի դիմում է տվել.
«Կարծում եմ,- նշում է Ս. Խաչատրյանը,- այդ տեղեկությունները տարածողները երկունքի մեջ են։ Այս պահին ես աշխատանքային գործունեության մեջ եմ և հորդորում եմ այդ տեղեկությունները տարածողներին մի քիչ էլ հանրությանը տեղեկացնեն իրենց պատվիրատուների քաջագործությունների մասին։ Ես ցավակցում եմ նրանց, ովքեր անգրագետ ձևով փորձում են հանրությանը մոլորեցնել։ Պնդել և պնդում եմ՝ իմ հրաժարականի մասին տեղեկությունները չափազանցված են»։ Իհարկե, էլ ոչ մեկը չի հավատում այն հրաշքին, որ Ս. Խաչատրյանը հրաժարական կտա, քանի որ այդ հրաժարականը նրա համար կլինի վերջը: Դրանով վերջ կդրվի նաև իր ամբողջ գերդաստանի և իր սպասարկուների կամ ազատությանը, կամ նորմալ կյանքին: Բայց նոր վարչապետն էլ միամիտ չէ, նա լավ գիտի Սյունիքի «պատմությունը»: Փորձենք սթափ գլխով վերլուծել Սյունիքում սպասվող դեպքերի զարգացումները կամ հնարավոր զարգացումները: Հիմա Սյունիքում կան մարդիկ, որ ուղղակի սարսափում են, երբ լսում են Ս. Խաչատրյանի հրաժարականի մասին զրույցները: Այս անգամ էլ այս մարդիկ պիտի լքեն Սյունիքը: Բայց, ըստ էության բնակչությունը կավելանա:
Նախկինում Սյունիքը հարկադրաբար լքած հազարավոր ընտանիքներ սպասում են իրենց վերադարձին, որ կգան ու հանգիստ կաշխատեն առանց բիզնեսը կիսելու, քծնվելու, վախի, ծեծուջարդի, մի խոսքով՝ կապրեն առողջ ապրելակերպով: Օտար հողերում ապրող հազարավոր հաջողակ սյունեցի գործարարներ ոչ մի ներդրում կամ գործարք չունեն Սյունիքում, և պարզ է, թե ինչու է այդպես: Բնակչության աճի հետ մեկտեղ ստվերում մնացած արժեքավոր ուժեր կվերագտնեն իրենց, նախկին տնավարի գործելաոճը կփոխարինվի պրոֆեսիոնալիզմով, «չերեզ» Ս. Խաչատրյան իրականացվող ապօրինի գործողությունները կսահմանափակվեն: Օրենքները, որ նախկինում հնազանդվում էին Ս. Խաչատրյանի ցանկությանը և մտածելակերպին, հիմա ազատորեն կգործեն Սյունիքում: Բոլոր հաշվարկներով կամ կանխատեսումներով, ինչպես նկատում ենք, Սյունիքը առաջընթաց կապրի:
Հիմա վարչապետ Կ. Կարապետյանը չի զարմացրել դեռ ոչ մեկին: Նախարարների փոփոխությունը տրանսպորտը փոխելու նման սովորական դեպք է դարձել մարդկանց համար: Զարմանալին դեռ առջևում է:
Հիմա Սյունիքը ամբողջ հայության ուշադրության կենտրոնում է: Վարչապետը ձեռքերը ծալած հաստատ չի նստի, շատ լավ գիտի, թե ով է Ս. Խաչատրյանին այդքան արտոնություններ տվել, և իր կշիռը ծանրացնելու համար հուսադրող քայլը հենց ինքը պիտի անի, որպեսզի նկատի իր առավելությունը Հ. Աբրահամյանի նկատմամբ: Նա բաց չի թողնի Ս. Խաչատրյանով պայմանավորված իր շահը: Երկու որոշում ունի՝ կամ Ս. Խաչատրյանին ազատելով՝ իր վարկանիշը կդարձնի 100%-ոց և ժողովրդի շրջանում ձեռք կբերի «կոզրի տուզը», կամ պիտի քամի Ս. Խաչատրյանին՝ նրա կարողությունները հասցնելով 0-ի: Երկրորդ տարբերակը ձեռնտու է, քանի որ դա վարչապետի համար արդարորեն ձեռք բերված լավ պատառ կլինի, բայց այս դեպքում նորից կծանրանա սյունեցիների վիճակը, քանի որ «Սյունիքում հարկերը կրկնակի կդառնան», իսկ Սյունիք առաքվող 100%-անոց գումարը, որ «չերեզ» Ս. Խաչատրյան դառնում էր 30%, հիմա իրական նպատակին կհասնի 5%-ով: Այս դեպքում վարչապետը կկորցնի «զարմացնելու» հնարավորությունը: Երրորդ տարբերակ էլ կա՝ Ս. Խաչատրյանին թողնել ասպարեզում և ամբողջովին չմեկուսացնել:
Այս տարբերակի հավանականությունը 20% է: Մաթեմատիկորեն հաշվարկելիս վարչապետ Կ. Կարապետյանը կհասկանա, որ զրկվում է նախորդ երկու շահավետ տարբերակներից և ամենակարևորը՝ զարմացնելու վարչարարական հատկանիշը:
Վասակ Սյունի