▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ, որ այս տարի կլինի իմ ամենատխուր Նոր տարին. Սեպուհ Ապիկյան


Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է դերասան Սեպուհ Ապիկյանը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Այո, Նոր տարին, մանավանդ ավելի մանուկ և ավելի երիտասարդ տարիքում միշտ սիրել եմ: Երևի, այն իմ ամենասիրելի տոներից մեկն է եղել: Նոր տարին սիրել եմ միմիայն այն հրաշալի, անբացատրելի, ինչ-որ առումով նույնիսկ հեքիաթային մթնոլորտի համար… Նոր տարվա գիշեր, լուսավոր փողոցներ, առատ ձյուն, տոնածառ, դիմակահանդեսային տրամադրություն:

-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

-2014թվ-ն ընդհանուր առմամբ ինձ համար սարսափելի վատ և նեգատիվ տարի էր: Այս սկսվեց որոշ հաճելի իրադարձություններով, սակայն գարնան վերջում ճակատագիրը գլխիվայր շրջեց իմ կյանքը, առօրյան, աշխատանքը և կարիերա կոչվածը, և այն ավարտվում է ոչ պակաս տհաճ իրադարձություններով և խնդիրներով:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-Իմ կյանքի ամենաուրախ, հիշվող Նոր տարին, երևի թե, եղել է շատ վաղուց, այն ժամանակ, երբ դեռ շատ երիտասարդ էի. այդ տարին անցկացրեցի Ալպերի լեռներում` առատ ձյան առկայությամբ, դահուկներով, զբոսանքով անծայրածիր լեռնային ստորոտներում:

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-Ցավոք, տխուր Նոր տարիներ իմ կյանքում ավելի շատ են եղել, քան ուրախները, որոնք եղել են հարազատների կորուստներով լի: Կարծում եմ, որ ամենատխուր Նոր տարին ինձ համար կլինի այս Նոր տարին` ինչ-ինչ պատճառներից ելնելով:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը, երևի թե, այն էր, որ իմ սիրելի աշխատանքով կարողացա մեկնել Միացյալ Նահագներ հյուրախաղերի, մասնակցել իմ սիրելի Հ. Մալյանի անվան անվան թատրոնի ներկայացման փորձերին, ինչը լի էր էմոցիաներով, սպասելիքներով, էնտուզիազմով և մասնագիտական հաճույքով:Ցավոք, ինձ հետ կատարված դժբախտ պատահարի հետևանքով չկարողացա իրականացնել այդ  ցանկությունը: Հուսով եմ այս գալիք` 2015 թվ-ին, կլրացնեմ այդ բաղթողումը և կխաղամ իմ սիրելի ներկայացումներից մեկը:

-2014-ի կորուստը:

-2014-ի կուրուստը… կորցրեցի աշխատանքս, աշխատանքային առաջարկները, որոշ ֆիլմերում նկարահանվելու հնարավորությունը, ունեցա առողջականի մեծ կորուստ, արտաքին տեսքի բավական կորուստ (այս  դեպքում ժպտում է), լայնամասշտաբ միջոցների կորուստ, հոգեկան վիճակի հանգստության և ստաբիլության կորուստ: Կորցրեցի նաև մի քանի մտերիմ ընկերների:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:

-Մարդկային շփումը և ջերմությունը:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Այս տարի Նոր տարի բացարձակ չեմ անցկացնելու: Միգուցե միայն սովորության համաձայն դուրս կգամ միայնակ զբոսնելու մինչև լուսադեմ ինչ-որ մի այգում կամ անտառում, ինչը միշտ փորձել եմ անել, եթե, իհարկե, այդ Նոր տարվա գիշերը, ինչպես միշտ, զբաղված չեմ եղել աշխատանքով:

-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:

-Նոր տարուն 00:00-ից հետո հիմնականում զբաղված եմ լինում աշխատանքով, իսկ եթե ոչ, ապա ինչպես նշեցի զբոսնում եմ:

-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:

-Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ այս գալիք` 2015թվ-ը, լինի ազգիս համար, իմ ՀԱՅ ժողովրդի համար իրոք հաջողության տարի, դուրս բերի մեզ այս ծանր ճգնաժամից, աշխարհին խաղաղություն տա, մարդկանց մեջ սերմանի սեր և հարգանք միմյանց հանդեպ, հայրենակիցներիս դեմքին տեսնեմ ուրախ ժպիտ… Թեպետ այս խնդրանքով ավելի շատ, երևի, դիմում եմ Տեր Աստծուն, ոչ թե Ձմեռ պապիկին… Այ դա կլինի ինձ համար ամենաթանկ նվերը Նոր տարվա:

-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:

-Ակնկալիքներ չունեմ… Ամեն ինչ թող գնա իր հունով և ճանապարհով: Մենք ենթադրում ենք` Աստված տնօրինում: Շնորհավորում եմ բոլորին գալիք 2015 թվ-ի կապակցությամբ և ցանկանում եմ ամենալավն ու բարին: Առողջություն բոլորին և երջանկություն:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին