«Հալեպում իրավիճակը շարունակում է սրված մնալ.անընդհատ ռմբակոծություններ են, ահավոր է, ամեն օր գաղթ կա: Մարդիկ գնում են Բեյրութ, այնտեղից էլ գալիս են Հայաստան, իսկ ամբողջ ճանապարհը վտանգներով է լի, շատ անապահով է.կարող են ահաբեկիչները սպանել: Միայն Բեյրութից Երևան ճանապարհածախսի համար 4 ընտանիքից 2500 դոլար է պահանջվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 10-12.000 սիրիահայ կա, բայց 80 տոկոսը գործազուրկ է.
«Աշխատանք չկա, բնակարան՝ նույնպես: Մեկ օր գոնե ԱԺ-ում արտահերթ նիստ լիներ ու այդ պատգամավորները մի խելացի բան մտածեին սիրահայերի համար՝ իրար հետ կռվելու փոխարեն:
Ես կարծում էի, որ մենք Արտաքին գործերի նախարարություն ունենք, պարզվեց՝ դա էլ չունենք: 5 տարվա ընթացքում ԱԳՆ-ն մի բառ չխոսեց սիրիահայերի մասին»,-նշեց նա:
Անի Կարապետյան