Մարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը եւ գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն եւ առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Իրավիճակը գնալով բարդանում է եւ Կառավարությունը, որպես իրավիճակի հիմնական քաղաքական պատասխանատու, պետք է կայացնի հետեւյալ որոշումներից մեկը.
1. Շարունակել վարել համաճարակի հակազդման քաղաքականություն, ինչը ենթադրում է երկարացնել արտակարգ դրությունն ու ազատ տեղաշարժի ամբողջական սահմանափակումը, եւ
2. Վերացնել բոլոր սահմանափակումները եւ հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքը վերադարձնի բնականոն հուն։
Երկու դեպքում էլ հետեւանքները շատ ծանր են լինելու, քանի որ համաճարակի տարածման աշխարհագրությունն ու վարակվածների թիվը հուշում է, որ համաճարակի կոնսերվացման ռազմավարությունը, ինչ որ պահի, կդառնա անիմաստ եւ այլեւս անհրաժեշտ կլինի մտածել ՀՀ առողջապահական համակարգի առավել ընդլայնման եւ արդիականացման ուղղությամբ։
Դրան գումարած այն հանգամանքը, որ մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, զրկված լինելով աշխատելու եւ եկամուտ գեներացնելու հնարավորությունից, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել իշխանության սահմանափակումներին եւ համատարած դուրս կգան մեկուսացումից։
Իսկ սահմանափակումների վերացումը, այսինքն երկրորդ տարբերակի ընտրությունը, հղի է վարակի անվերահսկելի տարածմամբ՝ իր բոլոր հետեւանքներով։ Այս պարագայում ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա ազատ տնտեսական գործունեությամբ եկամուտ գեներացնել՝ դրանց սոցիալական ապահովության վրա ուղղելու փոխարեն ներդնել առողջապահական համակարգի վրա։
Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետեւանքները՝ անխուսափելի ծանր։ Ստեղծված իրավիճակում պետք է ընտրել չարյաց փոքրագույնը եւ իշխանությունները՝ ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով։
Մարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը եւ գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն եւ առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։
Համաճարակի ավարտից հետո կտրվեն բոլոր քաղաքական գնահատականները»: