ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մայիսի 9-ին Հայրենական պատերազմի օրը նշելը սխալ է համարում և չի կարևորում:
«Դա մեր հայրենիքը չէր: 1991թ.ին մենք ոչ ասացինք այդ պետությանը և անկախություն ձեռք բերեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:
ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել Լատվիա.հրավիրված է նախագահական ընտրությունների առիթով: Այնտեղ մտադիր է նաև հանդիպել ու զրուցել լրագրողների հետ և նրանց միջոցով ասել, որ Հայաստանն անկախությունից ի վեր կողմնորոշված է դեպի եվրոպական արժեքային համակարգ և այն նրանց իմացած խամաճիկ Հայաստանը չէ:
Ինչ վերաբերում է բուժման հետ կապված խնդիրներին՝ ԱԻՄ առաջնորդն ասաց, որ մինչ օրս չի ներում կառավարությանն ու իշխանությանը, բայց գոհ է, որ կառավարությունը ֆինանսավորեց իր բուժման համար:
«Ես կարող էի բելգիական, ամերիկյան գումարներով բուժում ստանալ: Բայց այն պահից, երբ պետությունը բացահայտեց հանցագործին, պարտավոր էր փոխհատուցում պահանջել: Կառավարության հանդեպ ես պարտքի զգացում չունեմ: Տվել եմ մի քանի անգամ ավելին, քան ինձ հատկացվել է:
Շնորհակալ եմ բժշկական հաստատություններին, հատկապես՝ Կարմիր խաչին, որ գրեթե անվճար ամիսներ շարունակ իրականացրեց իմ բուժումը»,-ասաց Պ.Հայրիկյանը:
Անի Կարապետյան