ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։
Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։
Հայկական կողմը թե՜ պաշտոնական Երեւանի եւ թե հասարակական կազմակերպությունների մակարդակներով պիտի փորձեր վճռի թղթածրարում վեր հանել դրական բաժինները. այստեղ եւս գլխաւոր դատախազի կողմից
որոշ չափազանցությամբ հայտարարելու համար, որ վճիռը բաւարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր պահանջները։
Քաղաքականացված այս արձագանքները երկկողմանիորեն մտածել են տալիս վճռի այնքան նուրբ ու դիւանագիտական ձեւակերպումների մասին, որոնք գոհ են թողել հակոտնյա կողմերին։ Երեւութապես տուժող չկա, երկու կողմերը բաւարարվել են վճռի եզրակացություններով։
Իրականությունը սակայն այդպես չէ. փաստորեն, ՄԻԵԴ-ը չի բաժանում Ցյուրիխի դիրքորոշումը այս հարցում ժխտողականության քրեականացում ամրագրելու տեսակետից։ Խնդիրը իրաւական տեսակետից Ցյուրիխ-ՄԻԵԴ հարաբերակցության վրա է։ Ըստ էութեան խաղն աւարտվել է 0-1 արդյունքով, հոգուտ…Անկարայի։ Վճռի հիմնավորումներից եւ ձեւականորեն իրաւական մեկնաբանություններում հստակորեն ընդգծվում է Հոլոքոստի գերակայության խնդիրը նման քրեականացումների դեպքում, աւելի եւս շեշտելով հարցի քաղաքական բնույթը։
Հայկական կողմը այս երեւույթներին ի տես վերատեսության ենթարկելու անհրաժեշտության առջեւ է կանգնում` ժխտողականության քրեականացման պայքարի մարտավարությունները փոխելու կամ նույնիսկ նման
առաջադրանքի առաջնայնությունը հարցականի տակ առնելու առումով։
Միջավայրը` եւրոպական, շեշտակիորեն զգայուն է մարդու արտայայտվելու իրաւունքների անձեռնմխելիության տեսակետից։ Կարծիքի ազատությունը, արտառոց վարկածներ առաջ քաշելը, փերինչեքյան մարտահրաւերներ կարդալը ընկալելի են եւրոպական արժեհամակարգային դրույթների համար եւ նման պայքարը դժվար թե
առաւելություններ կարողանար ձեռք բերել հատկապես կարծիք հայտնելու ազատությունը կաշկանդելու քարոզչական հայտարարությունների դիմաց։ Բնական է, ինչպես վերը նշեցինք, այս բոլորը երկրորդ պլան են
մղվում, երբ հարցը վերաբերում է Շոայի ժխտմանը։ Թվում է, որ ժխտողականությունը քրեականցնելու հրեական մենաշնորհը դեռեվս խախտելու նախադրյալները չեն հասունացել քաղաքական հողի վրա։
Հայկական կողմից նման թիրախավորում Եւրոպայում, հատկապես վերջին շրջանում`100-ամյակի շրջածիրում հաղթական դիրքերից զիջել է ենթադրում։ Ճանաչումն ու դատապարտումը առաւելություններ են ապահովել
հայկական կողմին։ Ժխտման քրեականացումը նույն հաջողության ուղով կարող է չառաջնորդել մեզ, քաղաքական եւ մենաշնորհային դրույթների ներկա պայմաններում։
Հիմնավորումները հուշում են, որ ժխտողականության քրեականացումը պայքարի ռիսկային գոտի է եւ ճանաչումից հատուցում մեր համընդհանուր վարքագծին առաւելություններ չի ապահովում։ Ցեղասպանության ճանաչման համահայկական ռազմավարությունը հատուցման իրաւական թղթածրարի պատրաստության
հսկայական աշխատանքներից շեղումներ չպետք է արձանագրի, որոնք կարող են բացասական առումով բեկում առաջացնել հայկական կողմում եւ պատճառ դառնալ, ձեռք բերված առաւելությունների դեմ հակաքայլերի ենթահող տրամադրելու Անկարային։ Թուրքական կողմը այս հանգամանքներից եւ ՄԻԵԴ-ի քաջալերող այս
վճռից մեկնած եւրոպական միջավայրերում ժխտման նոր նախաձեռնողականություններով կարող է հանդես գալ։
Պատահական չէ, որ թուրքական կիսապաշտոնական արձագանգներում խոսվում է հարյուրամյա ստաբանությանը վերջ տալու մասին։ Ակնարկը հարյուրամյակի մեր իրագործումների դեմ կարեվոր քայլ է նկատել Շվեցարիայի
քրեականացման որոշման բեկանումը։
Որքան էլ փորձենք ներեւրոպական խնդիր նկատել ՄԻԵԴ- Ցյուրիխ իրաւական հակամարտությունը, պատճառներ կան վերատեսության ենթարկելու ժխտման քրեականացման մեր մարտավարությունը։ Համաեւրոպական մի այլ
հաստատություն՝ Եւրախորհդարանը ոչ հեռու անցյալում ամենախիստ բանաձեւերն էր որդեգրում Ադրբեջանի դեմ եւ կոչ անում հասցեական պատժամիջոցների անցնել։
Մեր խնդիրների անմիջականությունը նկատի ունենալով, գուցե Եւրախորհրդարանի որոշումը շատ աւելին է իբրեւ արժեք, քան ՄԻԵԴ-ինը։ Երկուսն էլ աշխարհագրական եւ արժեհամակարգային միեւնոյն պայմաններում։
Հարյուրամյակին, ձեռք բերված արդյունքների բարձրակետից վայրէջքներ կատարելու հաւանականությունները նվազագույնի պետք է իջեցնել։ Էներգիան եւ ֆինանսները, գումարած` կազմակերպականին եւ քարոզչաքաղաքականին պետք է կենտրոնացնել հատուցման առաջադրանքի իրաւականացման վրա, ինչպես նախանշել է Ցեղասպանության 100-ամյակի Հռչակագիրը։
Շահան Գանտահարեան
«Ազդակ» թերթի խմբագիր