ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել Է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել և պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու։
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չգիտի, թե ինչպե՞ս են կնքում այդ համաձայանգիրը, բայց, եթե իր ստորագրությունը որևէ մեկին անհրաժեշտ է՝ կմիանա: Փոխարենը կարևորում է ԸՕ դերը.
«Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպիսին բոլորն են ցանկանում և այդ պարագայում իմաստ չի լինի խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Փորձը ցույց է տվել՝ քաղաքական ուժերն ինչ ձև էլ ցանկանան գտնել, ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ինչ է անում: Ժողովրդին խաբելու ժամանակներն արդեն անցել են»:
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նկատեց.
«Ցանկացած որոշմանը, որը կնպասի ընտրությունների մաքուր անցկացմանը, կողմ եմ: Բայց, այս պարագայում մեկ բան է պարտադիր՝ ջենթլմենը: Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենթլմեններ, որոնք իրավասու են նման պայմանագիր ստորագրելու, կարծում եմ, որ շատ դժվար է: Երկրում պետք է գործեն գրված ու չգրված օրենքները, բարոյականությունը, պետք է քաղաքական կամք լինի»:
Անի Կարապետյան