Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստերով․ Իշխանությունը տապալել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը․ Մինչ օրս պետությանն է վերադարձվել ընդամենը 12 միլիոն 751 հազար ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ, որի կեսի չափ գումարն էլ փոխանցվել է Սնուփ Դոգին (Snoop Dogg)․․․
Այսօր ՆԻկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ խորագրի ներքո հայտարարել է, որ Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով:
Մի քանի օր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, թե 7-10 տարի է անհրաժեշտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար։Սա ևս մեկ ցուցիչ է, որ գործող իշխանությունը չկատարեց ժողովրդին տված խոստումը ու հետ չբերեց ժողովրդից թալանածը, ինչի մասին խոսում էին, ինչի համար իրենք վստահության քվե են ստացել ու ինչի համար եկել էին իշխանության։
Նախարարի ասած ժամանակահատվածը վկայում է այն մասին, որ խոսքը, ենթադրաբար, հաջորդ իշխանությունների օրոք իրականացվելիք գործընթացների մասին է, որովհետև չեմ ուզում հավատալ, որ գործող արդարադատության նախարարն ակնարկում է, որ իրենց իշխանությունը ևս տասը տարի մնալու է իշխանության, հետևաբար այս առումով մի քիչ տեղին չէ, որ այլ իշխանությունների օրոք իրականացվելիք գործողությունների մասին այսօր նման պնդումներ արվեն, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ իշխանություններն ի՛նչ քաղաքականություն կորդեգրեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով։
Ակնհայտ է մի բան, որ այդ օրենքը, թեև իր մեջ ուներ տրամաբանական դետալներ, պարամետրեր, որի մասին ես ունեցել եմ շատ լավ կարծիք, բայց այն ծավալը ու այն վարքագիծը կամ այդ օրենքի կիրառումը ինձ հիմք են տալիս ասելու, որ այդ օրենքը չի ծառայել ու չի ծառայում իր նպատակին։
Ընդհանրապես երբ օրենքը չի գործում կամ չի կիրառվում, այդտեղ փնտրեք միայն քաղաքական կամքի բացակայություն ու քաղաքական պատճառ։
Խորապես համոզված եմ, որ գոյություն ունի քաղաքական կոռուպցիա, ինչը նշանակում է, որ քաղաքական պայմանավորվածություն կա՝ ապահովել որոշ շրջանակների անձեռնմխելիությունը, իսկ այն հայցապահանջները, որոնք այսօր դատարաններում են, պարզապես ծիծաղ են առաջացնում, ու չի կարելի այդ գործընթացը դիտարկել իբրև իրապես թալանի վերադարձին նպաստող գործընթաց։
Մենք տարբեր երկրներում տեսել ենք կոռուպցիայի դեմ պայքարի ցցուն օրինակներ, որոնք վերջնարդյունքում բերել են կոնկրետ արդյունքի։
Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը, ցավոք սրտի, իրավական պետություն չէ, մեզանում կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է ամենացածր նշաձողի վրա, ընդ որում՝ իշխանությունն ինքը խոստովանում է սեփական պարտությունն ու ձախողումները։
Ու այս ամենից ելնելով է, որ ես այս ամենը պայմանավորում եմ քաղաքական համաձայնությամբ՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշում ունի իրապես չպատժել հանցագործներին, քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ճարտարապետներին, որոնց գոյության ու գործունեության շնորհիվ էլ ինքը եկել է իշխանության։
Խորապես համոզված եմ, որ իշխանությունն ունեցել է գին, ու այդ գնի շուրջ բանակցությունները տարվել են նաև մինչև իշխանության ղեկը ստանձնելը, իսկ իշխանության գալուց հետո արդեն որոշ դեպքերում բյուրեղացվել է, որոշ դեպքերում պայմանավորվածությունները չեն պահպանվել, որոշ դեպքերում և՛ Նիկոլ Փաշինյանն է խաղի կանոնները խախտել, և՛ նրանք, որոնց հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Այսինքն՝ այնպես չէ, որ այս տարիների ընթացքում պայմանավորվածությունները պահպանվել են, բայց ակնհայտ է, որ իշխանությունը մատուցվել է, ինչի մասին վերջերս խոստովանեց գործող իշխանության երևելի ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանը, որ Սերժը սկուտեղի վրա իրենց մատուցել է իշխանությունը։
Ընդ որում՝ այս տարիների իրենց աշխատանքը ինձ բերեց այն համոզման, որ սա եղել է պայմանավորվածություն, որ մենք քեզ տալիս ենք իշխանություն՝ պայմանով, որ դու որևէ մեկին իրապես պատասխանատվության չես ենթարկում։
Իսկ մյուս գործողությունները, որ իրականացնում են այդ համատեքստում, իրականում իմիտացիա են, ոչ ավելի։ Ես համոզված եմ, եթե լիներ իրական ցանկություն, քաղաքական կամք, այլ ոչ թե ղժղժոց ու էժանագին պոպուլիզմ, ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ օրենսդրությունը լիուլի բավարար էր նույնիսկ մեկ տարում լուծելու բոլոր կոռուպցիոներների խնդիրը, մեկ տարվա ընթացքում։
Մեկ տարին բավարար էր երկրում արմատախիլ անելու և՛ քաղաքական կոռուպցիան, և՛ մեր ընկալմամբ կոռուպցիան, ընդամենը քաղաքական կամք էր պետք։
Հարգելի բարեկամներ
Հիմա փորձենք կոնկրետ փաստերով ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում։Տարավերջին Iravaban.net ինտերնետային կայքը հրապարակեց մի ուշագրավծ վերլուծություն, համաձայն որի՝ Գլխավոր դատախազությունից իրենց հայտնել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն:
Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները): Այսօրվա կուրսով այն մոտավորապես կազմում է շուրջ 1․5 միլիարդ ԱՄՆ դոլլար։
Նշված վարույթների շրջանակում առ այսօր կնքվել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ, այսինքն՝ շուրջ 5 միլիարդ, 37 միլիոն, շուրջ՝ 12 միլիոն 751 հազար ԱՄՆ դոլլար2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ:
Այսնքն, եթե անգամ նշված դատական ակտերն ընթացիկ տարում մտնեն օրինական ուժի մեջ, ապա հնարավոր է, որ այս տարի ևս 7․602․ 000 ԱՄՆ դոլլար կվերադարձվի պետությանը։
Այսինքն, այլ կերպ ասած, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, որն ընդունվել է 2020թ․ ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել 2020թ․ մայիսի 23-ին, շուրջ 5 տարվա ընթացքում, /մի քանի ամսկից կլրանա 5 տարին/, այս իշխանությանը հաջողվել է մինչ այս պահը պետական բյուջե վերադարձնել ընդամենը 12․751․000 ԱՄՆ դոլլար, ևս 7․602․000 ենթադրվում է այս տարի դատական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո։
Փաստորեն, իշխանությանը հաջողվել է 5 տարվա ընթացքում պետությանը վերադարձնել հնարավոր 1․5 միլիարդից ընդամենը 20 միլիոն 353․ հազար ԱՄՆ դոլլար։
Այս տեմպերի պայմաներում նշված 1․5 միլիարդը հետ բերելու համար կպահանջվի ևս 73 տարի։
Բացի այդ, ոշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի՝ 2022թ. դեկտեմբերի 19-ի խորհրդատվական կարծիքին, ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի վարույթը և դեռևս չի կայացրել վերջնական որոշում։
Այս իրավական անորոշությունը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ, քանի որ չի բացառվում, որ սահմանադրական դատարանը կայացնի այնպիսի դատական ակտ, որն ամբողջությամբ կիմաստազրկի վերջին 5 տարիների կատարած աշխատանքը։
Առանց ՍԴ-ի կողմից վերը նշված օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, իրականացնել արդարադատություն, նշանակում է ցանկացած պահի նշված դատական ակտերը պատռել ու ամեն ինչ սկսել զրոյից։
Երբ ուսումնասիրում էի այս տվյալները, ինձ կրնկակոխ հետապնդում էր այն միտքը, որ նույն իշխանությունը 2023թ․ օգոստոսի 11-ին կառավարության որոշմամբ Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար հատկացրեց 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլլար։
Ստացվում է, որ մինչ օրս իրենց հետ բերած 12․ 751․000 ԱՄՆ դոլլարից 6 միլիոն ԱՄՆ դոլլարն իրենք տվել են Սնուփ Դոգին, ով ստացել է գումարը, բայց մինչ օրս չի երգում․․․
Հ․ Գ․ Ժողովրդին պետք է բացատրել, մանրամասն պետք է բացատրել, թե ինչ է կատարվել ու կատարվում․․․Մեր ժողովրդին այլևս պետք է զրկել իշխանության կողմից մոլորեցնելու հնարավորությունից․․․»։