Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով գործող սահմանադրույթյունը միապետական համակարգ է, որն իրեն արդեն սպառել է: Նրա խոսքով՝ այս սահմանադրության մեջ չկա իշխանության տարանջատում, քանի որ նախագահի ձեռքում են գտնվում և օրենսդիր, և գործադիր, և դատական իշխանությունները:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում, իրավապաշտպանն ասաց, որ սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն ինքը կողմնակից է եղել դեռևս 90-ականներից:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգում է պետության ժողովրդավարությունը, Ավետիք Իշխանյանն ասաց, որ գործող սահմանադրության պարագայում ժողովրդավարությունից խոսելը անիմաստ է: Իրավապաշտպանը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանին ուղղված գեներալ Մանվելի խոսքերը, որ «համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ էլ նալը, ոնց ուզում եք օգտագործեք», ապա նշեց, որ ժողովրդավարությունը արդեն իսկ վտանգված է:
Նրա խոսքով՝ այսօրվա հասարակության մեջ իշխանության նկատմամաբ անվստահություն կա:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գնահատականներին, թե Սահմանադրական բարեփոխումներով՝ Սերժ Սարգսյանը և իր ՀՀԿ թիմը ապահովում են իրենց իշխանության վերարտադրությունը, Ավետիկ Իշխանյանը հարցով պատասխանեց՝ թե գործող սահմանադրությամբ իշխանությունը չի՞ վերարտադրվում:
«Դուք պատկերացնում եք մի քաղաքական ուժ, ով այնպիսի փոփոխություն անի, որ իշխանությունից հեռանա: Այդպիսի բան աշխարհում չի եղել: Մի սկզբունք կա մեզ մոտ` ընդդիմադիր կուսակցությունները ամեն հարցում պետք է ընդդիմանան իշխանությանը, կամ գնան կոմպրոմիսի և պաշտոններ ստանան: Հայաստանում ընդունված չէ՝ բանակցություններով հասնել ինչ-որ կոնսեսուսի»,-ասաց նա: