hraparak.am-ը գրում է. Զարմանքս, ինչ որ տեղ խոստովանեմ նաև ուրախությունս, այնքան մեծ էր, որ չնայած իմ և հավանաբար բոլորիս սպասելիքին, հինգ նախագահների մասնակցությամբ ոգեկոչման արարողությանը դուդուկ էր նվագում 7-ամյա Թաթուլը:
Սա վկայություն է այն բանի, որ հայ ժողովուրդը տաղանդավոր է, շնորհաշատ, ու կազմակերպիչները դրանով կամեցել են իր լուր աշխարհի հայտնել, որ հայկական շիվն անգամ այնքան հզոր է, որ իր մեջ պարունակում է հաստաբուն ծառի ուժն ու զորությունը:
Բայց անսահման հիասթափություն ապրեցի, երբ լրագրողն այդ մասին կարծիք հարցրեց դուդուկի տաղանդավոր արքա Ջիվան Գասպարյանին, ու նա խոսեց դուդուկի հատկությունների, հողի կարոտի և ամեն ինչի մասին, բայց ոչ այդ «մի մատ երեխայի» երկնային շնորհի մասին:
Գուցե ես սխալ զգացողություն ունեցա, թող ներող լինի Մեծն Ջիվանը, ով նվագել է աշխարհի բոլոր բեմերում, բայց ես ամեն ինչից ավելի վեր կդասեի, եթե նա փորձեր, մի քիչ խոսել այդ տաղանդաշատ ու «զորեղ» երեխայի ոգեկոչման զորության մասին:
Հեղինակ` Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ