▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանին սպանության սպառնալիք են ուղղել

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է.

 

«Ազգուրաց և հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև հետապնդում և հալածում են նրա քաղաքական համախոհներին:

 

Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի և իր գյուղի հոգսերով ապրող Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Հրաչ Մուրադյանը նաև Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: Նրա սպանության մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել և անպատիժ են մնացել: Իսկ անպատժելիության այդ մթնոլորտը հարուցում է հանրության զայրույթը և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

 

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել և պատժել այսպիսի հանցագործությունները, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա:

 

Ժիրայր Սէֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին` գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը և փառքով ու պատվով պսակելով իր և իր ընկերների անունը: Պատերազմի ժամանակ և դրանից հետո նա երբեք թալանով չի զբաղվել և նույնը թույլ չի տվել իր ենթականերին, երբեք նյութապաշտ չի եղել ու այժմ էլ չէ, զինվորի կյանքի հաշվին կարիերա չի ստեղծել, զինվորի հացն ու հագուստը չի յուրացրել և ազգային արժանապատվությունը վեր է դասել ուսադիրներից: Նա օլիգարխ չէ, հանցագործ չէ, դավաճան չէ, ուրիշի հացը չի ուտում և չի քծնում: Ժիրայր Սէֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին և իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

 

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող և հայրենիքին նվիրված հայորդիներին:

 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում:

 

Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին»:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին