▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճգնաժամերը դիմակայելու համար անհրաժեշտ է համահայկական համադրում

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Գոյություն ունի համակարգման լուրջ բացթողում միջազգային կարևորագույն հարցերի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայերը բազմիցս վտանգի են ենթարկվել, սակայն Հայաստանը կամ Սփյուռքը հազիվ թե օգնության են հասել նրանց:

 

2003 թվականին Միացյալ Նահանգների կողմից Իրաքի գրավումից հետո հայերը միլիոնավոր այլ իրաքցիների հետ միասին մեծ կորուստներ կրեցին: Թեև շատ բան հնարավոր  չէր անել նրանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, սակայն Հայաստանի կառավարությունը և սփյուռքահայերը պետք է կազմակերպված ջանքեր գործադրեին օգնելու նրանց, ովքեր թողեցին իրենց ողջ ունեցվածքը և փախան երկրից: Ցավոք, ոչինչ չարվեց իրաքահայ փախստականներին օգնելու վերաբնակվել Հայրենիքում կամ այլուր:

 

Բարեբախտաբար, հայերի արձագանքն ավելի ուժեղ եղավ դեռ շարունակվող սիրիական հակամարտության ժամանակ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն աջակցեց 15 հազար սիրիահայերից շատերին, որոնք տեղափոխվեցին Հայրենիք, իսկ սփյուռքահայ համայնքներն ակտիվորեն դրամահավաքներ կազմակերպեցին կարիքավոր հայերին Սիրիայում օգնելու համար: Սակայն, ցավոք, աջակցությունն անբավարար էր Սիրիայում մնացած, և Լիբանան կամ Հայաստան փախած հայերի հսկայական կարիքները հոգալու համար:

 

Կարող են լինել այլ անսպասելի մարդածին կամ բնական աղետներ, ինչպիսին 1988 թվականին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր, որի հետևանքները վերացնելու և աղետի գոտին վերականգնելու աշխատանքները դեռևս շարունակվում են 25 տարի անց...  

 

Իսկ ի՞նչ կասեք Արցախին սպառնացող շարունակական վտանգի մասին: Տարիներով այդ մասին բարբաջելուց հետո, եթե օրերից մի օր Ադրբեջանի մտավոր անհավասարակշիռ նախագահը որոշի լայնածավալ հարձակում ձեռնարկել Արցախի դեմ, արդյոք աշխարհասփյուռ հայերը պատրա՞ստ են օգնության փութալու իրենց հայրենակիցներին: Չնայած սահմանների պաշտպանության պատասխանատվությունն ընկած է երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի վրա, սակայն արդյոք սփյուռքահայերը չպե՞տք է համադրված գործողությունների ծրագիր ունենան, որպեսզի կարողանան դիմակայել նման գոյապայքարում: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետք է նախօրոք կազմակերպել, որպեսզի հարձակման դեպքում հնարավոր լինի անմիջապես հակազդել:

 

Մեկ այլ կարևորագույն խնդիր, որը հայերի անհապաղ ուշադրության կարիքն ունի՝ Թուրքիայում տիրող քաոսային իրավիճակն է և հայ համայնքի առջև ծառացած հնարավոր վտանգները, մասնավորապես.

 

1) Թուրքիայի կառավարության ներսում ընդհանուր խառնաշփոթը՝ կապված վերջերս իշխող կուսակցության կողմից խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու և նոյեմբերի 1-ին նախատեսվող նոր ընտրություններ անցկացնելու հետ.

2) Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից հերթական հարձակումները Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններում, և բախումները թուրքական զինվորականների ու  քրդերի միջև Թուրքիայի ներսում.

3) Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնակալական իշխանության միջազգային քննադատությունը, նրա աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին և ձեռնարկած անողոք քայլերն ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների:

 

Թուրքիայից դուրս գտնվող հայերի համար հիանալի առիթ է միանալու հակաէրդողանյան թափորին: Միաժամանակ հարմար պահ է համագործակցելու միլիոնավոր քրդերի հետ, որոնք դեմ են Էրդողանի վարչակարգին: Սակայն ճիշտ ժամը չէ լուռ մնալոււ, երբ թուրքական վարչակարգը ձերբակալում է Դիարբեքիրի Սուրի շրջանի համաքաղաքապետ Ֆաթմա Բարութին: Ո՞ւր է ցասման ալիքն ընդդեմ խիզախ հայուհու կամայական ձերբակալության: Ցավոք, որևէ մեկը չբողոքեց  Հայաստանում կամ Սփյուռքում... Անցյալ ամիս քաղաքապետ Բարութը և նրա ընտանիքը Երևանում էին՝ մասնակցելու Համահայկական խաղերին: Այս առիթով նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին:

 

Աշխարհասփյուռ հայերը պետք է նաև աջակցեն «Նոր զարթոնք» երիտասարդական շարժմանը Ստամբուլում, որը պայքարում է հակառակ բոլոր դժվարությունների՝ Թուրքիայում հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար: Այդ խմբի ակտիվիստներից մեկը բողոքել է, որ նրանք նույնիսկ բարոյական աջակցություն չեն ստանում Սփյուռքից, չասած Հայաստանի մասին: «Նոր զարթոնք»-ի անդամները, որոնք ֆիզիկական բռնության են ենթարկվել թուրքական ծայրահեղականների կողմից, վերջին երկու ամիսների ընթացքում բողոքի հավաքներ են անցկացրել «Քեմփ Արմեն»-ի մոտ՝ թուրքական կառավարությունից պահանջելով բռնագրավված որբանոցը վերադարձնել հայկական համայնքին:

 

Քանի որ հայերը սփռված են աշխարհով մեկ, ապա նրանք կարող են դժբախտ միջադեպերի զոհ դառնալ ապագայում: Խիստ անհրաժեշտ է, որ համաշխարհային հայկական մի հանձնախումբ, կազմված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներից, ծրագրեր մշակի՝ աշխարհի ցանկացած կետում հայերին սպառնացող արտակարգ  իրավիճակների պարագայում: Դրամահավաքների անցկացման և գործողությունների ծրագրեր կազմելու ժողովները պետք է իրականացնել ողբերգական իրադարձություններից առաջ, այլ ոչ թե հետո:

 

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովն իր առաջիկա երևանյան  համաժողովում կարող է վերանվանվել և վերածվել մշտապես գործող համահայկական մարմնի, որը կզբաղվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բոլոր հարցերով, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին