Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն պատրաստվում է ինքնակենսագրական գիրք գրել, իսկ մինչ այդ հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչու է հեռացել Ֆրանսիայից: Դերասանի խոսքով` այդ քայլին դիմել է, որովհետև չէր ցանկանում 65 տարեկան հասակում 87% հարկ վճարել.
«Ամենուր, որտեղ աշխատում եմ, հարկեր եմ վճարում։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա նրանք կորցրել են իրենց երջանկությունը, եւ այլեւս չեն հավատում դրա գոյությանը։ Նրանք անգամ իրենց լսողությունը, հոտառությունն ու կենսունակությունն են կորցրել»:
Դեպարդյեն նաև ասել է, որ Ֆրանսիայում իր մոտ այնպիսի տպավորություն էր, որ իր «կաշին քերթում էին», սակայն դա միակ համարձակ խոստովանությունը չի եղել հայտնի դերասանի կողմից: Նա նաև պատմել է իր մութ անցյալի մասին` ասելով, որ մանուկ հասակում զբաղվել է մարմնավաճառությամբ, գողություն է արել եւ անգամ գերեզմաններ փորել։
Ընդամենը տասը տարեկան հասակում փոքրիկ Դեպարդյեն հասուն տեսք ունենալու համար հաճախ է անպարկեշտ առաջարկներ ստացել, որոնք գումարի դիմաց չի մերժել: Նույնիսկ հետագայում դերասանական վարպետություն սովորել է իր նույնասեռական հաճախորդներից մեկի շնորհիվ, սակայն դա նրան չի խանգարել գումար գողանալ իր հաճախորդներից:
Նշենք, որ գողությունը որոշ ժամանակ անց Դեպարդյեյի մոտ վերածվել էր սովորության, օրինակ` 1968թ-ի մայիսին ապագա դերասանը մասնակցել էր ուսանողական ներկայացումներին, որոնց ժամանակ օգտվելով մասնակիցների քնած լինելու հանգամանքից գողացել էր նրանց գումարներն ու ժամացույցները:
Հայտնի դերասանի հանցավոր անցյալն այդքանով չի սահմանափակվել: Նա նաեւ օգնել է գերեզմանափորներին՝ գերեզմաններից դուրս հանել մահացածների հարստություններն ու կոշիկները։ Իսկ 16 տարեկանում մեքենա գողանալու պատճառով նույնիսկ երեք շաբաթ բանտում է անցկացրել։