ԱԺ-ում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին կտար իր հարցը, հիշեցրեց, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը ֆինանսավորվում է հանրության գրպանից, եւ ապա հետաքրքրվեց.
«Արդյոք Հանրային հեռուստատեսության քաղաքական, վերլուծական, լրատվական ծրագրերը սպասարկո՞ւմ են բացառապես իշխանության համար ընդունելի, նրան չխանգարող, իշխանամետ, իշխանական կամ իբր ընդդիմադիր գործիչներին: Որեւէ բացատրություն հիմա կարո՞ղ եք հիմա ինձ ներկայացնել, թե ի՞նչ պատճառով օրինակ ԱԺ պատգամավորի ելույթը որեւէ անգամ տեղ չի գտնում ձեր եթերում»:
«Ամեն տարի Հանրային հեռուստաընկերությունը փոփոխվում է, դա նորմալ պրոցես է»,-եղավ պատասխանը:
Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց՝ ասելով. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ դուք կխոստովանեք, որ այդպիսի խնդիր եղել է: Հիմա ասում եք` փոփոխության դինամիկա կա, բայց ինչ է` ուզո՞ւմ եք կոնկրետ պատգամավորի անուն նշեմ, որի մասին խոսք է գնում: Եթե այդպիսի խնդիր կա, հրապարակային այս հարցուպատասխանի շրջանակներում, անշուշտ, կոռեկտության սահմաններից դուրս կգամ եւ կներկայացնեմ այն ու կսպասեմ որեւէ մի նյութ որեւէ մի քաղաքական, տեղեկատվական, լրատվական թողարկումից: Եվ, ի վերջո, այդ փոփոխությունը միշտ պետք է լիներ, այլ ոչ թե հիմա սկսվեր»: