▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգությունն» ու նրա լիդերը չգիտեն իրենց անելիքը

«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Եթե անգամ կուլիսային ինֆորմացիայի չտիրապետեինք, դեպքերի պարզ վերլուծությունից կարելի է մի ցավալի հետեւություն անել՝ «Ժառանգությունն» ու նրա լիդերը չգիտեն իրենց անելիքը:

Մի կողմից բանակցություններ են գնում Ազգային ժողովում՝ «Ժառանգությունը» ՀՅԴ-ի հետ համատեղ առաջարկների փաթեթ է փորձում առաջ մղել: Մյուս կողմից՝ «Ժառանգության» առաջնորդը տարանջատվում է այդ բանակցություններից՝ ինքը Հրապարակի առաջնորդն է եւ ընտրված նախագահ: Մեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, մեկ կոչ է անում բոլոր ուժերին միանալ իրենց: Նախօրեին էլ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ:

Մարտի 1-ին նա Սուրբ Սարգիս եկեղեցում էր՝ պատարագի էր մասնակցում, այսօր պատրաստվում է այցելել Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի գերեզմանին: Ազատության հրապարակում քվեարկության դրեց ինչ-որ դրույթներ, որոնց մեջ նաեւ Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը, ժողովուրդը կարծես մերժեց այդ գաղափարը, բայց, այնուամենայնիվ, դիմեցին:

Մի խոսքով՝ անկանոն, քաոսային ինչ-որ բան կա այս շարժման մեջ: Գործողությունների հստակ ծրագրի բացակայություն: Սակայն եթե արդար լինենք ու անաչառ, ապա պետք է արձանագրենք, որ հեշտ վիճակում չի հայտնվել «Ժառանգությունն» իր առաջնորդի հետ միասին: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ շարժումը չմարի, որ կոնկրետ շոշափելի արդյունքներ արձանագրվեն, միեւնույն ժամանակ՝ ներքաղաքական իրավիճակը չսրի եւ օրենքի հետ խնդիրներ չունենա:

Մի երկրում, որտեղ իշխանությունն իր կարգավիճակը պահպանելու համար պատրաստ է ամեն քայլի՝ սկսած ընտրակեղծիքներից մինչեւ Մարտի 1, բարդ է գտնել ոսկե այն միջինը, որտեղ դու եւ ժողովրդավար երեւաս, եւ վճռական, եւ միջազգային հանրության համակրանքը շահես, եւ սեփական ժողովրդիդ համակրանքը չկորցնես:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին