▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկը

Լինելով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավելագույնս լայն դաշինքով գնալու ջատագով քաղաքական ուժ՝  «Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որեւէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնության գալ հետեւյալ դրույթների շուրջ.

  1. Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները հաղթելուց հետո ձեւավորելիք ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում են ՀՀԿ-ից որեւէ ներկայացուցչի ընդգրկումը:

  2. Ազգային համաձայնության կառավարությունը երկամյա ժամկետում հանրության դատին է ներկայացնում նոր սահմանադրության մեկ կամ երկու տարբերակ, ապա դնում այն հանրաքվեի: Սահմանադրության ընդունումից հետո եռամսյա ժամկետում ընդունում է Ընտրական եւ Կուսակցությունների մասին նոր օրենքները, որից հետո մեկամյա ժամկետում նշանակում համապետական (խորհրդարանական եւ/կամ նախագահական՝ կախված նոր սահմանադրության պահանջներից) ընտրություններ:

  3. Մինչեւ 2020 թվականին նոր իշխանության ձեւավորումը  Ազգային համաձայնության կառավարությունը իրականացնում է արմատական ժողովրդավարական համակարգային բարեփոխումներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգում, իրավապահ եւ արդարադատության, սոցիալական, հարկա-մաքսային, ֆինանսա-տնտեսական, կրթական ոլորտներում, գործուն ջանքեր մղում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, ապահովում հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարողների համար, երաշխավորում ներքին եւ արտաքին ներդրումների իրավական պաշտպանությունը, խրախուսում տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը:

  4. Նոր ձեւավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն եւ արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչեւ ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ:

  5. Երաշխավորում է խոսքի ազատությունը, ապահովում է պետական կառավարկման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, հաստատում է իր գործունեության հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողական եւ մշտադիտարկային գործառույթները:

  6. Վերաձեւակերպում է իր հարաբերություները բոլոր գերտերությունների հետ՝ ինքնիշխան պետությանը հարիր չափանիշներին համապատասխան:

  7. Հռչակում եւ վարում է հայրենադարձության եւ ներգաղթի քաղաքականություն, ապահովում դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական եւ բարոյա- հոգեբանական հիմքերը:

  8. Հնարավոր առավելագույն չափով երաշխավորում է Հայաստան-Արցախի արտաքին եւ ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները:

  9. Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որեւէ զիջում Ադբեջանին, ինչպեսեւ որեւէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։

Առայժմ չբացառելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության որեւէ, այդ թվում առանձին ցուցակով գնալու, ձեւաչափ, «Ժառանգությունն», այդուհանդերձ շարունակում է իր բոլոր ջանքերը գործադրել ընդդիմադիր հնարավորինս լայն դաշինքի ձեւավորման ուղղությամբ՝ տեսնելով դրանում երկրում իրավիճակ փոխելու եւ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն:

«Ժառանգություն»  կուսակցություն

29 դեկտեմբերի 2016թ.

Երեւան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին