▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը

Թարմացված․ ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է. ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի հրապարակման մեջ նշված «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն» հատվածը բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն: 

Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի՝ իր աղբյուրներին հղմամբ «հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել» հայտարարությունը:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցին սահմանված կարգով, անհապաղ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկությունները:

Նաեւ տարակուսելի է այն հանգամանքը, որ հիշյալ լրատվամիջոցը ՊՆ գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրվել է, սակայն իր ստացած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան ճշտումներ չի կատարել»։

***

Երեկ չէ առաջին օրը Ճամբարակի զորամասերից մեկում երդման արարողություն է տեղի ունեցել։

Օրագիր․Նյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել։

Սակայն մեր տեղեկություններով՝ նույն զորամասում խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն։ Այսքանով հանդերձ՝ միևնույն է, Մուրացանի հիվանդանոցում նույն զորամասից բազմաթիվ հիվանդներ կան։ Ծնողները զայրացած են, թե ինչպես կարելի է այդ վիճակին հասցնել իրենց երեխաներին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարդենիսցիները բողոքի ակցիա էին արել, փակել ավտոճանապարհը՝ վտահ լինելով, որ երբ գարունը բացվի, «Նիկոլը իրենց կհանձնի թուրքերին»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին