▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակակից ամերիկացի գրող Մայքլ Ռուբինը կանխատեսում է Թուրքիայի մասնատումը

Ժամանակակից ամերիկացի գրող Մայքլ Ռուբինը կանխատեսում է Թուրքիայի մասնատումը: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ռուբինն անգամ ավարտված է համարել Թուրքիայի մասնատման հոգեբանական փուլը: Ամերիկացի գրողը, ով ավելի վաղ կանխատեսել էր նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, Թուրքիայում ընթացող զարգացումները համեմատում է Եթովպիայի, Սուդանի, Պակիստանի հետ, որոնց մասնատումից առաջացան նոր պետություններ՝ Էրիթրեան, Հարավային Սուդանը, Բանգլադեշը:

Հեղինակը ընդգծում է, որ այս բոլոր դեպքերում ևս մասնատմանը նախորդեցին երկարատև քաղաքացիական պատերազմներ, եղան հազարավոր զոհեր, և որ ամենակարևորն է, դեռ մինչև փաստացի քաղաքական մասնատումը բնակչության միջև արդեն հոգեբանական օտարացում էր առաջացել:

«Նոր սերնդի թուրքերը քրդերին եթե ոչ թշնամի, ապա, ամեն դեպքում, օտար են համարում: Արևմտյան կենսաոճը նախընտրող թուրքերի մեծ մասը ոտք անգամ չի դրել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ: Իսկ այս շրջանում բնակվող քրդերի մեծ մասը երբեք չի այցելի Անթալիա, Բուրսա, Իզմիր: Թուրքիան հոգեբանական մասնատման գործընթացի մեջ է: Որոշակի պահի նույնիսկ Էրդողանը հասկացավ, որ նմանատիպ մասնատումը անխուսափելի է:

Դա հասկանալի է նաև այն հանգամանքից, որ տնտեսական քաղաքականությունից հանվեցին քրդական շրջանները»: Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը քրդերի նկատմամբ վարում է արյունոտ և ստորացուցիչ քաղաքականություն: Նա հիշեցնում է, որ Էրդողանը ընտրություններից առաջ հույս ուներ ստանալ քրդերի մեծ մասի քվեները, սակայն երբ հասկացավ, որ այդ քվեների կարիքը չկա, մոռացավ նրանց տված բոլոր խոստումները: Ռուբինն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով.

«Թուրքերը պետք է հաշտվեն իրականության հետ. Թուրքիան այժմ մասերի է բաժանված: Պետության սահմանները շուտով կփոփոխվեն: Միայն թե առայժմ անհայտ է՝ երկու առանձին պետություննե՞ր կառաջանան, թե՞ Թուրքիայի կազմում գտնվող ֆեդերացիա կստեղծվի: Գուցե Էրդողանը իրեն մեծ առաջնորդ կամ նոր Աթաթուրք է համարում, սակայն եթե Աթաթուրքը կառուցեց ժամանակակից Թուրքիան, ապա Էրդողանը այն կործանելուց բացի ուրիշ ոչինչ չարեց: Էրդողանը պատմության մեջ կմտնի ոչ թե որպես հերոս, այլ որպես հանուն իր գոռոզամտության Թուրքիան կործանած չարագործ»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին