▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը, «բուծված փորձագետները» և Մյունխենը

 

Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում իշխանությունը "բուծել է" "փորձագետների", "տեխնոլոգների" մի խավ, որոնց հրապարակած որեւէ գիտական հոդված այդպես էլ չի հայտնաբերվում, իսկ հայտնաբերվածն էլ լավագույն դեպքում "ռազահայրենասիրական" մոտիվի սազանդարություն է:
Ըստ որում "բուծման մեխանիզմը" շատ պարզ է՝ նրանք մի կիսագրագետ ստատուս են գրում, ստատուսամոլ հայտնի կայքերը դա թռցնում են: Զուգահեռաբար այդ պարոններին ու տիկնանց հրավիրում են իրենց մամուլի ակումբները, հեռուստաեթերներ, եւ ահա՝ "փորձագետը" պատրաստ է: Այս ողորմելի վիճակը կանտեսեինք, եթե այն հետեւանք չունենար երկրի համար:
Ահա այդպիսի մեկը, ում ելույթները մեկնաբանությունները հաճախ են հանդիպում վերոնշյալ ԶԼՄ-ներում /մեղա, մեղա/ , ԱԳ նախարարի պատվիրակության կազմում մեկնում է Մյունխեն: Էլի գլուխը քարը: Եթե նախարարը տանում է, դա իր գործն է: Թեպետ այս առումով հանրությանը հետաքրքրող հարցը կարող է լինել այն, թե ինչ միջոցներով է նրան տարել՝ պետակա՞ն, ԱԳՆ-ի՞, թե իր ճանապարհորդության ու կեցության ծախսերը երիտասարդն ինքն է վճարել: Անցնենք առաջ:
Իրավիճակը զավեշտալի չէր լինի, եթե չլիներ Իլհամ Ալիեւի երկրորդ ելույթից հետո կատարվածը: ԱԳՆ ներկայացուցիչը անհաջող հարց է ձեւակերպում այն մասին, թե Ալիեւի վարչակազմն աշխարհում տեղի ունեցող ամեն բանում Հայաստանին է մեղադրում (Բրիթիշ Պետրոլիում, ԵԽԽՎ և այլն)՝ ինչո՞ւ: Հարցի ընձեռած հրաշալի պասն ընդունելով Ալիեւը ոգեւորվում է. "չէ, մենք ձեր ասած բաներում չենք ձեզ մեղադրում. միջազգային հանրությունը ձեզ մեղադրում է նախագահական ընտրությունները կեղծելու մեջ, ՄԱԿ-ը 4 բանաձեւերով մեղադրում են օկուպացիայի ու ագրեսիայի մեջ, մենք ձեզ մեղադրում ենք Խոջալուի ցեղասպանության մեջ, ու այսպես շարունակ.... ԱԳՆ ներկայացուցիչի անհաջող ձեւակերպած հարցն էլ մի կողմ թողնենք:
Իշխանության բուծած "փորձագետը", որ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում մեկնել էր Մյունխեն, թերեւս հարց տալու պահին այնտեղ չէր.... Ի վերջո, ազատ փորձագետն ավելի ազատ է լինում Ալիեւի պորտը տեղադրելու հարցում, քան դիվանագետը: Բայց երիտասարդը, որը հաճախ է հեռուստաէկրաններից ու թերթերի էջերից սպառնում գրավել Բաքուն, այնտեղ չէր.... Ավելին, Մյունխենում այնպիսի վիճակ ստեղծվեց, որ Հայաստանին հիշեցրին է՛լ հեր, է՛լ մեր, է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո՝ Սերժ Սարգսյանի ընտրությունների կեղծումից մինչեւ Խոջալու... Ու ռազմահայրենասիրական փորձագետը չկար.... Դատելով իր գրառումներից, նրան հոգին մոլորակի այլ վայրերում կատարվող անցուդարձի վերաբերյալ քննարկումներում էր...
Թեպետ, հանուն արդարության, այս խայտառակ պատկերը կոծկելու համար երիտասարդը Մյունխենից իր պատին տարատեսակ շեղող գրառումներից մեկով ազնվաբար խոստովանել է՝ "գնամ մի քիչ էլ տուրիզմով զբաղվեմ..." Ու ահա այսպես են ստացվում հակահայկական զեկույցներն ու հայտարարությունները... Մի զարմացեք: Ու եթե իշխանությունն արժանի է այս վիճակին, որովհետեւ հենց իր "բուծածներն" են խնդիրներ առաջացնում իր համար, այդ թվում՝ թույլ տալով հեղինակավոր հարթակում խոսել "նախագահի" մերկությունից մինչեւ Խոջալու, ապա ցավոք, տուժողն առաջին հերթին Հայաստանն է լինում:
Միշտ հիշեք, որ շատ բան ենք նկատում, բայց ավելի քչի մասին խոսում ու գրում: Ու ամեն ինչում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին