▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. նա ճամբա՞ր է փոխել

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որեւէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաեւ Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռուսաստանը չհամաձայնեց։ Այսօր ոչ մի լուր չկա Վարդան Օսկանյանից»,- ասաց նախկին «թալանչի» ռեժիմի ներկայացուցիչը:

Մենք փորձեցինք  Օսկանյանի մտերիմներից ճշտել` որտեղ է նա։ «Պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք է գրում»,- ասացին մեզ:

ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք` որեւէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ «Խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասացին ՀՔԾ-ից:

Ի դեպ, հիշենք, որ ժամանակին Օսկանյանն անցնում էր ԱՄՆ Յուտա նահանգում ապրող մորմոն Ջոն Հանթսմանի (որի որդին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է) կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված փողերի լվացման, յուրացման գործով։ Գործը հետագայում կարճվեց: ՀՔԾ-ից մեզ ասացին, որ այդ գործը ոչ թե իրենց,  այլ ԱԱԾ տիրույթում է եղել: Ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» կայքն այսօր ակտիվորեն աջակցում է նոր իշխանություններին, ինչը եւս խոսուն փաստ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոնվենցիայի հետ կապված, ըստ տեղեկությունների, խմբակցության ներսում բացահայտ բախումներ են սպասվում։

Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են։

Տեղեկություններ կան, որ պատգամավորների մի մասը, եթե անգամ դեմ չքվեարկի նախագծին, ապա կխուսափի քվեարկությունից կամ ուղղակի ձեռնպահ կքվեարկի, ինչը թույլ չի տա համապատասխան թվով քվե ապահովել ու անցկացնել կոնվենցիան։

Սա պայմանավորված է նրանով, որ խմբակցությունում հասկանում են, որ դա մեր արժեհամակարգի լուրջ խախտման է բերելու։ Մեկ բառով՝ խմբակցությունը փորձելու է տապալել վավերացման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 15-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Ինչպես ասում են՝ նրանք էլ վերջնականապես համալրեցին ազնվականների ու էլիտարների շարքերը։

Բայց որպեսզի ԱԺ խոսնակն ու իր ընտանիքն իրենց ռեզիդենցիայում ապրեն բարձրաշխարհիկներին վայել թագավորական պայմաններում, դրա համար մի քանի ամիս շարունակ վերանորոգում էին նրանց բնակարանը։ Բնականաբար՝ պետբյուջեի հաշվին, քանզի հեղափոխությունից առաջ ՔՊ ներկայացուցիչներից մեկի հարցումին պատասխանելիս Միրզոյանն ասել էր՝ ոչ մի տեղ չեմ աշխատում, ուստի անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող սեփական գրպանից գումար հատկացնել ամենահասարակ կոսմետիկ վերանորոգման համար անգամ, ինչպես արել է, օրինակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ սեփական միջոցներով նորոգելով իրեն հատկացված առանձնատունը։

Իշխանական աղբյուրները մեզ հաղորդեցին, որ Արարատ Միրզոյանն իր բնակարանի նորոգման վրա խոշոր՝ «աստղաբաշխական թվերի» հասնող գումար է ծախսել։

Որպեսզի պարզեինք, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, գուցե հորինված է Միրզոյանի թշնամիների կողմից, դիմեցինք Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանին՝ ճշտելու, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվել Միրզոյանին հատկացված առանձնատան նորոգման վրա։

Սավգուլյանը, սակայն, թիվ չասաց՝ հպարտորեն հայտարարեց, որ դա համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որը չի կարող հրապարակել։ Ասաց, որ դա ամրագրված է «Գնումների մասին» օրենքով։ Կարճ ասած՝ կառավարությունը գաղտնի է պահում ԱԺ նախագահի տան նորոգման ծախսերը, որը հոգում ենք մենք՝ հարկատուներս՝ հղում անելով «Գնումների մասին» օրենքին։

Այդ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»։

Այս օրենսդրական փոփոխությունն արվեց 2015 թվականի դեկտեմբերին՝ նոր իշխանությունների կողմից խորապես մերժված նախկին իշխանությունների օրոք։ Եվ այն ժամանակ այսօրվա իշխանավորները, որ ընդդիմադիրի կարգավիճակ ունեին, կուրծք էին ծեծում, թե ինչու է կառավարությունն ուզում գաղտնի պահել այդ կարեւորագույն տեղեկությունները, ինչու թափանցիկ ու բաց չի աշխատում, չի տեղեկացնում հանրությանը, թե բարձրաստիճանների վրա պետբյուջեից ինչ են ծախսում, ինչքան։ Այդ օրենսդրական փոփոխությունն այն ժամանակ պետական դավաճանությանը համազոր քայլ դիտվեց՝ դավադրություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բազում հրապարակումներ եղան, ապարդյուն՝ իշխանությունն այդ փոփոխությունն անցկացրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը եւ փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի մետրի դիմաց, որը հետագայում ապամոնտաժել է եւ կառուցել Մելիք-Ադամյանի գրասենյակը:

ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ ասաց, որ ՀՀԿ-ն մտահոգված չէ այս հայցով, վստահ է, որ ամեն ինչ օրինական է եղել: Իրենք դեռ չեն ծանուցվել հայցի մասին: Ոմանք կարծում են, որ այս հայցով իշխանությունը փորձելու է ՀՀԿ-ից վերցնել Մելիք-Ադամյան փողոցի շենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ։ Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով։

Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին եւ նրա հեղինակությանը, քանի որ մինչեւ այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը եւ մարդուն տալիս այսպես կոչված «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ։

Հետաքրքիր է նաեւ, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաեւ վարչապետը եւ այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ:

Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ:

Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով եւ կվերադառնան Երեւան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաեւ Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Փաստ» թերթը գրում է. «Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից: 

Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը: Փաստացի, իշխանությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձնել այս «քննությունը»: Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարց տեսանելի ապագայում չի նշմարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առեւանգել եւ ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։

Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։

Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, եւ այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները եւ նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին