Անգամ ամենալավատես քաղաքագետները կարող են ասել, որ այո, «Իսլամական պետությունը» սպառնում է Հայաստանին։
Ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Որովհետև այն դեպքերի զարգացումը, որ կա, արդեն իսկ մտահոգիչ է: Ըստ իրենց հայեցակարգի՝ հարվածը Կովկասի վրա հարձակումն է, և վերջին հաշվով և՛ Ադրբեջանն է ընկնում դրա տակ, և՛ նաև Թուրքիան: Ադրբեջանի հարստությունը «Իսլամական պետության» հարստությունը պետք է լինի և այնտեղ կռվող այն ռեզերվը, որ կա այսօր Ադրբեջանից, Վրաստանից և մյուս ԱՊՀ երկրներից, դա դինամիկ է, որը կարող է ամեն րոպե պայթել նաև Հայաստանում»,-ասաց նա:
Նավասարդյանը խոստովանեց, թե այդքան Ադրբեջանը, մանավանդ Թուրքան իրեն չեն վախեցնում, որքան ԻՊ-ն: «Նրանք կարող են հայտնվել այստեղ, իսկ Հյուսիսային Կովկասում արդեն իսկ գոյություն ունեն»,-ասաց նա և նշեց, թե ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը օգնում է Սիրիային միայն նրա համար, որ ոչ միայն Չեչնիան հեռու պահի այդ ուժերի ներխուժումից, այլ նաև Թաթարստանը, Բաշկիրան և այլն:
«Խոսքը գնում է սունիզմի և շիիզմի ահավոր բախման մասին, և մենք այդ մասին պետք է մտածենք ավելի շատ, որն առաջին հերթին վտանգ է»,-ասաց նա:
Ադրբեջանը, ըստ նրա, եթե դառնա «Իսլամական պետություն», դա առաջին հարվածը կլինի Հայաստանին: «Իսկ ես չեմ բացառում, որ Ալիևի նման քաղաքական գործիչը, եթե իհարկե նրա վիզը չպոկեն, ապա նա հանգիստ կերպով կարող է անցնել իսլամիստների կողմը, ինչպես ժամանակին լինելով Սովետական միության սյուներից մեկը՝ շատ հեշտությամբ անցան իսլամական դաշտ: Ինչո՞ւ նա մեկ անգամ էլ նույն բանը չի անի՝ և՛ իրեն կապահովի, և՛ հարվածը կուղղի Հայաստանի և Ղարաբաղի դեմ»,-ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանը պետք է գործի՝ նաև Իրանի, ինչպես նաև Չինաստանի գործոնը օգտագործի:
«Պետք է դիրքորոշում որդեգրի, այնքան կոնցենտրացնի իր ուժերը, այնքան կուռ դիրքորոշում ընդունի, ինչպես Իսրայելն է դա անում: Կարծում եմ՝ լոզունգ ընդունի, որ ամեն տուն պետք է լինի ռազմական միավորում, մանավանդ այս իրադրությունների մեջ»,-ասաց նա: