«Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ես խոսել եմ ամիսներ առաջ, երբ որ նա առաջին հարցազրույցը տվեց, որտեղ չբացառեց իր վերադարձը, իսկ հիմա, երբ ունենք փաստացի հայտարարությունը, իմ կարծիքը նույնն է»,-Asekose.am-հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին են ՀՀԿ-ի արձագանքն ու վերաբերմունքը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես այն ժամանակ էլ մեջբերել եմ Հերակլիտին, ով ասում էր` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Այսօր ևս այդ կարծիքին եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: «Հանրապետականն» առանց Ծառուկյանի վերադարձի, Փաշինյանի, Մարուքյանի, Սարգսյանի, Օհանյանի, Քոքոբելյանի, այլ ընդդիմադիր մեր հարգարժան գործընկերների քաղաքական ծրագրի` ունի իր քաղաքական ծրագիրը ու գնալու է այդ քաղաքական օրակարգով»,-նկատեց նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ծառուկյանի վերադարձն իրենց քաղաքական պլաններում փոփոխություն չի մտցրել. «Դա իր քաղաքական խնդիրն է, ինքն ունի իր քաղաքական օրակարգն ու ծրագիրը, մենք` մերը: Անկախ վերադարձից մենք էլի գտնում ենք, որ քաղաքական դաշտի ամենահիմնական ու առանցքային դերակատարը մնում է ՀՀԿ-ը: Նախընտրական փուլում էլ, կարծում եմ, և ընտրությունից հետո էլ հասարակությունը դրանում կհամոզվի, իսկ ընդհանուր առմամբ մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք անկախ Ծառուկյանի վերադարձից»:
Հարցին, թե որ դաշտում է Է. Շարմազանովը տեսնում Գ. Ծառուկյանին, նա արձագանքեց. «Կարևորն այն է, թե ինքն իրեն որ դաշտում է տեսնում, ես տեսնում եմ միայն «Հանրապետականին», իսկ «Հանրապետականին» տեսնում եմ այնտեղ, որտեղ որ կա, իսկ մնացած մեր ընդդիմադիր գործընկերների վերաբերյալ ժողովուրդը պետք է որոշի, թե ով որտեղ պիտի լինի ընտրությունների արդյունքում»:
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր քաղաքական վերադարձի մասին: