Դիտեք նաև՝
Երգչուհի Ջուսի զրույցը 168.am-ի հետ ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:
- Ջուս, Ձեզ միշտ կարելի է տեսնել վառ մեյք-ափով, գունավոր մազերով, համարձակ հագուստով, և այլն: Հայաստանում տարբեր ու համարձակ լինելը հե՞շտ է:
- Ինձ համար միշտ էլ հեշտ է եղել թե՛ մեյք-ափով, թե՛ վարսահարդարմամբ, թե՛ ոճով վառ լինել, քանի որ ես այնպիսին են, ինչպիսին կամ։ Կարծում եմ՝ «ես» լինելը մարդու համար չպետք է բարդ լինի։ Եթե ես խաղայի, ձևացնեի այնպիսին, ինչպիսին չեմ, ինձ համար շատ բարդ կլիներ։
- Այնպիսի տպավորություն է, որ Ձեր էներգիան անսպառ է: Երբևէ չի՞ սպառվում այն:
- Իհարկե, ինձ մոտ լինում է հոգնածություն, քանի որ վերջերս շատ-շատ եմ աշխատում, բայց եթե պետք է նկարահանվեմ կամ բարձրանամ բեմ՝ երգելու, միանգամից իմ միջի փոքրիկ շարժիչը միանում է, և էներգիաս դառնում է 100%: Հոգնած ինձ տեսնում է միայն մայրս, այն էլ՝ երեկոյան, երբ ես ուշ ժամի գալիս եմ տուն: Իսկ առավոտյան կրկին էներգիայով լի գնում եմ դեպի առաջ, դեպի նոր ու հետաքրքիր նախագծեր:
– Դուք մարդկանց մեծ էներգիա եք տալիս, արդյոք նույնը հետ ստանո՞ւմ եք:
- Հանդիսատեսից միանգամից շատ դժվար է ստանալ այն, ինչ տալիս ես: Պետք է աշխատես 200% էներգիայով, որ կամաց-կամաց տաքացնես հանդիսատեսին: Հետո, երբ արդեն բացում ես այն դուռը, որը կոչվում է՝ «հանդիսատեսի սիրտ», հեշտ է լինում նրանց քո հետևից տանել: Կյանքում ամեն ինչ բումերանգի պես է շարժվում. ինչ ցանես՝ այն էլ կհնձես:
- Դրական կամ բացասական կարծիքներին ինչպե՞ս եք վերաբերվում, հաշվի առնո՞ւմ եք:
- Ես սիրում եմ ցանկացած կարծիք, եթե դրանք ճշմարիտ են: Վերջին երկու տեսահոլովակներիս՝ «Stop»-ի և «Go»-ի մասին ոչ մի բացասական կարծիք չեմ լսել: Ես արդեն սկսում եմ մտածել, որ ինչ-որ բան այն չեմ արել: Չնայած, երևի դա նորմալ է. եթե մի աշխատանքը բուռն քննադատվում է, հաջորդը ստանում է միայն դրական կարծիքներ: Չեմ սիրում և չեմ ընդունում, երբ քննադատությունը լինում է սխալ և իրականությանը չհամապատասխանող:
- Տարբեր հումորային հաղորդումներ անդրադառնում են Ձեր կերպարին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
- Եթե մարդու մասին հումոր են անում, նշանակում է, որ այդ մարդը հայտնի է և հետաքրքիր։ Սիրում եմ, երբ հումորը համապատասխանում է իրական կերպարին։ Տափակ և արտիստի հետ կապ չունեցող հումորը ծիծաղելի չէ։
– Շոու-բիզնեսում Ձեզ ի՞նչը դուր չի գալիս: Ինչո՞ւ է շոու-բիզնեսում բիզնեսը գերակշռում:
- Շատերը կարծում են, որ մեզ մոտ շոու չկա, և կա միայն բիզնես։ Ես կարծում եմ, որ մենք չունենք ո՛չ շոու, ո՛չ էլ բիզնես։ Ցանկացած շոուի մեջ շատ փող պետք է ներդրվի։ Մեզ մոտ սա չի արվում, քանի որ մեծ շոուից հետո այդ փողերը հետ չեն բերվի։ Բիզնես էլ չկա, երգիչները չեն կարողանում վաճառել իրենց ձայնասկավառակները, քանի որ CD-ի շնորհանդեսի հենց նույն օրը երգերը համացանցում են հայտնվում։ Արտիստները գումար չեն աշխատում և ստիպված են երգել ակումբներում, որ օրվա գումար աշխատեն՝ մինչև որևէ համերգ լինի։
- Հաճախ հայ երգիչ-երգչուհիների զգեստապահարանում առօրյա և բեմական հագուստն իրարից չեն տարբերվում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Ձեր բեմական հագուստն առօրյայում կրո՞ւմ եք:
- Իհարկե, կան այնպիսի երգիչ-երգչուհիներ, ովքեր և՛ բեմում, և՛ առօրյայում հագնում են ջինսե տաբատ և շապիկ։ Իմ բեմական հագուստները եթե ես դրսում հագնեմ, ապա երկու քայլ էլ չեմ կարողանա անել։ Բեմն ուրիշ՝ հեքիաթային աշխարհ է, դրա համար էլ հագուստը պետք է տարբերվող լինի։
– Անձնական կյանքում կարծես թե փոփոխություններ չկան: Ինչո՞ւ: Դեռևս նրան չե՞ք հանդիպել: Ինչպիսի՞ն նա պետք է լինի:
- Ես դեռ չեմ հանդիպել այն մարդուն, ով ինձ ամեն ինչով դուր կգա։ Ես պետք է վստահեմ այդ տղամարդուն, նա պետք է ինձ շատ սիրի, չդավաճանի, ինձ թիկունք լինի։ Պետք չի շտապել և ամուսնանալ կամ լինել ինչ-որ մեկի հետ, ում նկատմամբ սեր չես զգում։ Ինչ վերաբերում է իմ նախընտրած տղամարդու արտաքին տեսքին, ասեմ, որ ես սիրում եմ բարձրահասակ, սպորտային կառուցվածքով, շիկահեր, կապուտաչյա տղամարդկանց։ Նա պետք է չծխի, թմրանյութ չօգտագործի և չխմի։ Պետք է եսասեր չլինի, լինի հարուստ, առատաձեռն, բարի, հետաքրքիր, անսպասելի, հաճելի անակնկալներ պարգևի, լինի հումորով և խելացի։ Իմ տղամարդու իդեալի մասին կարդալիս՝ շատերը կմտածեն, որ այդպիսի տղամարդ գոյություն չունի, կամ՝ վերջ, Ջուսը մնաց մենակ, բայց ինչպես ռուսներն են ասում՝ «Надежда умирает последней»։
- Իսկ ի՞նչ նորություններ են առաջիկայում սպասվում: Այս տարի ի՞նչ աշխատանքներ եք նախատեսել, և ինչո՞վ եք Ձեր հանդիսատեսին զարմացնելու:
- Այս տարին իմ երկրպագուներին զարմացնելու տարի է։ Արդեն իսկ դուրս է եկել իմ նոր՝ «Go» տեսահոլովակը, որը ռետրո ոճում է։ Տեսահոլովակիցս շատերն էին զարմացել, քանի որ ինձանից այդպիսի կտրուկ փոփոխություն չէին սպասում։ Կլինի նաև punk ոճի մեջ տեսահոլովակ, նաև նոր դուետ, չեմ ասի, թե ո՞ւմ հետ, բայց ասեմ, որ տեսահոլովակն էլ շատ հետաքրքիր է լինելու։ Սպասվում են նաև այլ տեսահոլովակներ, Եվրոպայով շրջագայություններ և շատ ուրիշ անակնկալներ։ Այս տարի ինձ համար խելահեղ տարի է։