Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Դուբայում մեկնարկել էր DUBAI FASHION WEEK SS2024-ը: Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 25 դիզայներներ և դիզայներական տներ 12 երկրներից ներկայացնում էին իրենց նոր հավաքածուները: Նորաձևության շաբաթվա գլխավոր հյուրը Նաոմի Քեմբելն էր:
Լեգենդար մոդելն առաջին անգամ էր մասնակցում DUBAI FASHION WEEK-ին և ներկայացնում էր RIZMAN RUZAINI բրենդը: Հատուկ հյուրերի թվում էր նաև աշխարհահռչակ դիզայներ CAROLINA HERRERAN՝ ում ցուցադրությամբ էլ հենց սկսվեց նորաձևության շաբաթը: Հետաքրքիր էր նորաձևության շաբաթվա գործընկերների ցանկը. Air France-ը որպես պաշտոնական ավիացիոն գործընկեր, META-ն որպես պաշտոնական մեդիա գործընկեր, Microsoft-ը որպես պաշտոնական տեխնոլոգիական գործընկեր:
Ինչպես նաև Dyson, Schwarzkopf Professional, Waldorf Astoria և Fiji Water:
Schwarzkopf -ը զբաղվում էր մազերի ոճային հարդարումներով, և Հայաստանից ներառել էր 4 ոճաբան-վարսահարդարի, որոնցից մեկը «Ագա իմիջ ստուդիո»-յից հայտնի վարսահարդար Լիաննա Հովհաննիսյանն էր, ով Հայաստան է վերադարձել շատ մեծ տպավորություններով:
Asekose.am-ի հետ զրույցում Լիաննան նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել աշխարհահռչակ աստղերի կողքին, և զգացողություններն ու տպավորություններն անասելի էին, քանի որ Հայաստանից ընդամենը 4 մասնագետներ էին ներգրավված, իսկ այդ 4 մասնագետների շարքում լինելն ու պատվով ներկայանալը Լիանայի համար կարևոր նշաձող էր: