Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Երկու շաբաթ առաջ գրել էի, որ նախկին կոնգրեսական Դեն Բըրթընը հրաժարական էր տվել Վաշինգտոնում գործող Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, քանի որ նրան չէին վճարել մեկ տարուց ի վեր...
Դժվար է խղճալ մի մարդու, որը հաճույքով անկողին էր մտել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, քանի դեռ վճարումը չէր դադարեցվել...
Տարիներ շարունակ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ աջակցել են ամեն տեսակ ստվերային գործերի և օտար ու տեղական շահեր ներկայացնող խմբերի՝ ֆինանսական օգուտներ քաղելով ոչ միայն Կոնգրեսում իրենց պաշտոնավարման ընթացքում, այլ որ ավելի կարևոր է՝ եկամտաբեր լոբբիստական աշխատանքի անցնելիս «հանրային ծառայությունից» թոշակի անցնելուց հետո…
Անցյալ շաբաթ ընթերցողներից մեկն ինձ ուղարկեց մի հին հոդված, որը բացահայտում էր կոնգրեսական Դեն Բըրթընի գործունեությունը Կոնգրեսում առաջին 18 տարիների ընթացքում՝ չհաշված նրա վերջին 12 տարիները պաշտոնաթողությունից առաջ...
2001 թ. դեկտեմբերին հրապարակված «Դեն Բըրթընի կեղծավորությունը» վերնագրով հոդվածի հեղինակը American Prospect Online-ի լրագրող Լինդսեյ Սոբելն է:
Որքան էլ տարօրինակ է, բայց երբ Բըրթընը նախագահել է Ներկայացուցիչների պալատի պետական բարեփոխումների հանձնաժողովում, նա «մեծ ծառայություններ է մատուցել նվիրատուներին՝ ըստ The Hill-ի համակողմանի հետաքննության և այլ հրապարակումների 1997 և 1998թթ.», գրել է Սոբելը: Բըրթընը «հովանավորել է հայտնի ահաբեկիչների, մարդու իրավունքների ոտնահարողների և մի բռնակալի»: Որպես օրինակ, Սոբելը մեջբերում է Բըրթընի խնդրանքը «Պետդեպարտամենտին՝ Զաիրի նախկին բռնապետ Մոբուտո Սեսե Սեկոյին Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր տալու մասին՝ Մոբուտոյի վաշինգտոնյան լոբբիստներից հազարավոր դոլարների քարոզչական նվիրատվություններ և վարձատրություն ստանալուց հետո....
Նվիրատվությունների ողջ ընթացքում Բըրթընը Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել նաև Մոբուտոյին գովաբանող հայտարարություններով» :
Բըթընը «նաև հազարավոր դոլարներ է վերցրել Թուրքիայում բիզնես շահեր ունեցող մարդկանցից օրինական նվիրատվությունների տեսքով», հաղորդել է Սոբելը: «Դրանից հետո նա հայտարարությամբ հանդես է եկել Ներկայացուցիչների պալատում, որն արտագրել էր մի թուրք պետպաշտոնյայից: Այդ հայտարարությունը պաշտպանում էր Թուրքիային փաստագրված մեղադրանքներից, ըստ որոնց, թուրքական կառավարությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներ է կատարել քրդերի հանդեպ: 1996 թ. Բըրթընը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, որը ըստ The Los Angeles Times-ի, գրեթե ամբողջությամբ կրկնում էր այն նյութերը, որոնք Թուրքիայի լոբբիստական ընկերությունը բաժանել էր Կոնգրեսի անդամներին: Բըրթընն իրեն անվանում է մարդու իրավունքների միջազգային պաշտպան, սակայն, Թուրքիայի դաշնակիցներից վճարումներ ստանալուց հետո, նա պաշտպանում էր այդ երկրի կառավարությանը բազմաթիվ առիթներով, չնայած այն հանգամանքին, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, Պետդեպարտամենտը և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան խմբեր լուրջ մեղադրանքներ էին ներկայացրել Թուրքիայի կառավարության դեմ»:
Սոբելը նաև հաղորդել է Բըրթընի՝ «պահպանողական Ազատության միջազգային հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերում ներգրավված լինելու մասին: Հետագայում հետաքննությունները ցույց տվեցին, որ Հարավային Աֆրիկայի ապարտեիդ կառավարությունը ֆինանսավորել է Հիմնադրամին՝ ապարտեիդի աջակցությունը արտերկրում ընդլայնելու և Նելսոն Մանդելայի Աֆրիկյան ազգային կոնգրեսին վարկաբեկելու համար»:
«Մեկ այլ դեպքում Բըրթընը միջամտել է Կրթության դեպարտամենտի գործերին քարոզարշավի նվիրատուի համար, որը ըստ Roll Call-ի, բժշկական դպրոց ունի Կարիբյան ավազանում: Շուտով, ծառայություն մատուցելուց հետո, Բըրթընը հարցրել էր իր նվիրատուին, թե արդյոք իր դուստրը կարող է դիմել դպրոցին առընթեր անասնաբուժական ծրագրին»: Սոբելի հետազոտությունը Բըրթընի վերաբերյալ ցույց է տալիս, որ նա «հայտնվել է նաև այլ խառը գործերի մեջ:
Օրինակ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքննել է մեղադրանքները այն մասին, որ Բըրթընը պահանջել է Պակիստանի մի լոբբիստից իր քարոզարշավի համար 5 հազար դոլար կամ հեռանալ Բըրթընի գրասենյակից: (Բըրթընը խոստովանել է լոբբիստի հետ ունեցած հանդիպման մասին, սակայն հերքել է նրան ճնշելու փաստը): Բացի այդ, The Hill-ը տեղեկացնում է, որ Բըրթընը իր քրեական գործերով փաստաբանին 25 հազար դոլար վճարել է իր քարոզարշավի, այլ ոչ թե անձնական միջոցներից:
Նաև, ըստ The Hill-ի, Բըրթընը ապօրինի նվիրատվություններ է ստացել մի խմբից, որի հինգ հիմնադիր կազմակերպությունները Պետդեպարտամենտի կողմից ճանաչվել են որպես սիկհական ահաբեկչական խմբեր: Բըրթընը պաշտպանել է խմբի նպատակը՝ Հնդկաստանում ինքնավար սիկհական հայրենիք հաստատելը»:
Ցավոք, Բըրթընը բացառություն չէ Վաշինգտոնում: Նրա նման շատերը կան Կոնգրեսում և նրանից դուրս: Հետևաբար, խիստ կարևոր է ստեղծել ամերիկահայ մի դիտորդական խումբ, որը կհետաքննի այն բոլոր ընտրված պաշտոնյաների ֆինանսական հաշվետվությունները, որոնք հետևողականորեն դեմ են քվեարկում հայկական հարցերին և սատարում Ադրբեջանին ու Թուրքիային: Այս երկու երկրները մարդու իրավունքների բնագավառում այնքան վատ համբավ ունեն, որ քաղաքական գործիչների համար նրանց պաշտպանելու միակ պատճառը փող աշխատելն է՝ Կոնգրեսում ծառայության ընթացքում կամ թոշակի անցնելուց հետո, իսկ ավելի հաճախ՝ երկու դեպքում էլ...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի