Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ մեկ տարուց ավելի ձգձգված համերգի անցկացման մասին ոչ մի լուր չկա։ Համերգի անցկացման օրվա փոփոխությունից հետո բազմիցս նշվում էր, որ համերգը կանցկացվի, բայց հստակ օր այդպես էլ չի նշվում։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Նշենք, որ Սնուփ Դոգի համերգի անցկացման համար ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներից ու պահուստային ֆոնդից 6 միլիոն դոլար է հատկացրել կազմակերպիչ ընկերությանը՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին՝ որպես դրամաշնորհ։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր օգոստոսի 18-ին։
Սակայն համերգի օրվա տեղափոխման մասին կազմակերպիչ ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համաձայնագիր էր կնքել փետրվարի 19-ին, որի համաձայն՝ համերգը կայանալու է 2024 թվականի ընթացքում։
Ներկայումս շատ են կարծիքները, որ ընկերությունը համերգի համար տրամադրված 6 մլն դոլարը բանկում ներդրել է ավանդ։ ՀՀ բանկերում դրամով ավանդների միջին տոկոսը 10 տոկոս է, իսկ դոլարով՝ 5 տոկոս։ Հետևաբար ավելի շատ գումար ստանալու համար ավանդը, ենթադրաբար՝ կներդրվի դրամով։
Հաշվի առնելով, որ գրեթե երկու տարի արդեն համերգը ձգձգվում է, հետևաբար, ընկերության տնօրենը համերգի համար տրամադրված գումարը որպես ավանդ ներդնելով, կարող է աշխատել բավականին մեծ գումար։ Այսպիսով՝ 6մլն-ի 10 տոկոսը կկազմի 600 հազար դոլար, որը եթե վերածենք դրամի՝ հաշվի առնելով ներկայումս դոլարի փոխարժեքը՝ 385, կստացվի 231 մլն դրամ։ Քանի որ համերգն արդեն 2 տարի է ձգգվում է, այս թիվը բազմապատվկել է 2-ով և գումարը կկազմի 462 մլն դրամ՝ շուրջ 1,2 մլն դոլար։
Եթե պարզվի, որ քաղաքացիների այս մտահոգությունները ճիշտ են, ապա այս ընկերության սեփականատերերը հարկատուների միջոցների հաշվին աշխատել են բավականին խոշոր գումար։
Նշենք, որ չկայացած ու ձգձգվող համերգը կազմակերպող ընկերության գլխավոր սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի որդին է՝ Մակար Պետրոսյանը։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։