▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են երիտասարդները Հ1-ի մուտքի մոտ թուրքական TV-ի լոգոյով պաստառ փակցնում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր հերարձակել։ Թեմային արձագանքել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ Հանրային հեռուստաընկերության մուտքի մոտ փակցնելով պաստառներ «TRT1» և «Ամո՛թ» գրությամբ։

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային Հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը.

ԱՄՈ՛Թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին:

Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը և զորեղ մնա հավատն առ Աստված»։

Թարմացված․ Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «TRT1-ում աշխատողներն ինձ համար առավել հարգանքի են արժանի, քան Հ1-ում։ Այնտեղ գոնե թուրքերի փողերով են թուրքերին սպասարկում։ Հ1-ում աշխատող ոչ ոք ինձ գործընկեր չէ, ամոթ բոլորիդ»։

Թարմացված․ «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բաժան-բաժան եղած ու հյուծված ժողովրդի համար այս ծանրագույն տարին փակում ենք գործող քաղաքական մեծամասնության ցավալի սխալով:
Այս օրը Հ1-ի եթերով 3 տասնամյակից ավելի ավանդույթ ունեցող Կաթողիկոսի ելույթի չհեռարձակումը պետական և առավելևս հեղափոխական նոր քաղաքականությամբ չի կարող բացատրվել: Եթե այդպես էր, կամ՝ է, ապա առնվազն 6 տարի ունեին այս մասին խոսելու կամ գործընթաց հարուցելու ՀԱԵ-ի՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բացառիկությունը փոփոխելու վերաբերյալ:
Անկախ գործող Վեհափառի նկատմամբ ունեցած որևէ մեկի անձնական վերաբերմունքից, սա ինստիտուտի՝ ոչ թե անհատի հարց է, ուստի այս որոշումն ի ցույց է դնում գործող քաղաքական ուժի վերաբերմունքն ու մոտեցումները ինստիտուտների նկատմամբ, մնացածը՝ դատարկաբանություն է:
Անկախ ամենից, սրտի ծանրությամբ շնորհավորում եմ հատկապես հայրենազրկված արցախցի մեր հայրենակիցներին: Ձեզ լավ նայեք սիրելիներ, վստահ եմ՝ մեր և ձեր բալիկերի լավագույն օրերը դեռևս առջևում են...»։

Թարմացված․ Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատապարտելի է, ամոթալի և փոքրոգի Ամենայն Հայոց Հայրապետի Ամանորի պատգամը կեսգիշերից առաջ չհեռարձակելու Հ1-ի որոշումը:
Առանց բայցերի ու պարզաբանումների... ուղղակի ամոթ է:
Դուք թքած ունեք ձևավորված ավանդույթի վրա:
Եթե սրա համար որևէ մեկը պատիժ չկրի, ուրեմն՝ հետևում կանգնած են ՀՀ բարձրագույն իշխանությունները»։

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հեռուստաընկերությունով Ամանորի կեսգիշերին մոտ չհեռարձակվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։ Սա աննախադեպ մի իրադարձություն է Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ Ամանորին ընդառաջ, երկրի ղեկավարի խոսքին նախորդում էր Վեհափառի խոսքը:
Եթե այս ամենը լիներ «Նոր Հայաստանի» տեսլականի մաս ու միտված լիներ Եկեղեցու դերի վերաարժևորմանը, գուցե դիսկուրսի առարկա դառնար:
Բայց չկա «Նոր Հայաստանի» տեսլական, գոյություն ունի օտարի, թշնամու պարտադրանք, որն «հավատարմորեն» իրականացնում է Փաշինյանը:
Նա ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները, ինստիտուցիոնալ հիշողությունը ու այդ քաղաքականության համատեքստում տեղ չկա Վեհափառի ամանորյա ուղերձի համար»։

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այսքան քստմնելի, այսքան նողկալի, այսքան փոքրոգի, այսքան չհայ, այսքան պառակտող, այսքան թշնամի, այսքան անամոթ, այսքան անբարո, այսքան ավերիչ․․․
Անգամ տարվա վերջին վայրկյաններին այնպես են անում, որ նզովքի ու անեծքի բառերով հիշես սրանց։
Հանրային հեռուստաընկերությունն առանց պատճառաբանության մերժել է հեռարձակել Վեհափառ Հայրապետի ամանորյա ավանդական ուղերձը։
Բայց մեր՝ հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին։
Դուք ՍԱՏԱՆԱ եք, դուք ՀԱՅԱՍՊԱՆ ու ՀԱՅՐԵՆԱՍՊԱՆ ԵՔ․ ինչին կպաք՝ ավեր ու ուրացում, դուք ՉԱՐՔ եք։
Դուք չունեք նվիրական և ոչ մի արժեք․․․․


Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ։
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Թարմացված․ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Ադրբեջանում ցնծում են Հ1-ի հակաեկեղեցական որոշումից»։

Թարմացված․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Դեմքով ճանաչենք գլխավոր ազգակործանի հրամանների հլու-հնազանդ կատարող Հովհաննես Մովսիսյանին՝ Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնից կառչած այս անձին, ում ուղիղ կարգադրությամբ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հանրայինի եթերով չի հեռարձակվի Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին