▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և ինչո՞ւ Մովսիսյանը և Օզբիլիսն ընդունեցին պոդիումով քայլելու առաջարկը

Օրեր առաջ հանրությունը հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին տեսավ անսովոր կերպարում: Ֆուտբոլի դաշտ հիշեցնող հարթակում տղաները ոչ թե խաղում էին, այլ քայլում` որպես մոդելներ: Այս ձևով նրանք քաջալերում էին երիտասարդ մոդելավորող Տաթևիկ Ավետիսյանին, ով մասնակցում էր Մոսկվայի նորաձևության շաբաթին: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Տաթևիկ Ավետիսյանի հետ` հայ ֆոււբոլիստներին ցուցադրությանը ներգրավելու, նրանց հետ աշխատելու, տղամարդկանց համար հագուստներ ստեղծելու մասին և ոչ միայն: 

-Ինչպե՞ս հայտնվեցիք վերջերս Մոսկվայում կայացած` նորաձևության շաբաթին:

-Փարիզից վերադառնալուց հետո հիմնեցի իմ բրենդը և հանրությանն իմ առաջին պաշտոնական հավաքածուով ներկայանալու ցանկություն կար: Քանի որ Հայաստանում դեռևս նորաձության շաբաթներ չկային, իսկ եվրոպական հարթակներում ներկայանալու համար դեռևս վաղ էր, որոշվեց առաջին քայլերը կատարել Մոսկվայում:

-Իհարկե, հայ հասարակության աչքից չվրիպեց այն հանգամանքը, որ Ձեր ցուցադրությանը մասնակցում էին և պոդիումով քայլում էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, ինչպե՞ս նրանց ներգրավեցիք  ցուցադրությանը և արդյո՞ք դժվար էր նրանց համոզելը:

-Քանի որ հավաքածուիս թեման ֆուտբոլն էր, մեծ ցանկություն կար ֆուտբոլիստներին էլ ներգրավել ցուցադրման մեջ, հատկապես` հայերին: Տղաները մեծ սիրով ընդունեցին առաջարկը, միակ դժվարությունը նրանց վնասվածքներն ու խաղային գրաֆիկն էր: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել առաջարկն ընդունելու համար, շատ հաճելի էր համագործակցել նրանց հետ:

-Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի իմանալ` արդյո՞ք Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը մասնակցել են ցուցադրությանն առանց գումարի:

-Այո, նրանք դա արել են անշահախնդիր:

-Ի՞նչ տպավորություններ ունեին մեր ֆուտբոլիստները պոդիումի վրա լինելուց հետո:

-Կարծում եմ` նրանց համար փոքր ինչ անսովոր էր, քանի որ բոլորովին այլ ասպարեզում էին, չնայած շատ լավ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը: Ամեն դեպքում ցուցադրությունից հետո դրական կարծիքներ լսեցի նրանց կողմից:

-Հե՞շտ էր նրանց հետ աշխատելը:

-Բավական հեշտ էր, ոչ մի ավելորդ դժվարություններ չէին ստեղծում: Միայն ջերմ և դրական լիցքեր են հաղորդել:

-Առհասարակ, որքա՞ն ժամանակ է` զբաղվում եք տղամարդկանց հագուստի մոդելավորմամբ:

-Մոտ 5 տարի է, ինչ ընտրել և զբաղվում եմ տղամարդկանց նորաձևությամբ:

-Կարծում եմ, որ ամենից հաճախ Ձեզ հարցնում են, թե ինչո՞ւ նախըտրեցիք հագուստներ ստեղծել հենց տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, նման  ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Այո, անկեղծ ասած բավական հաճախ է հանդիպում տվյալ հարցը: Կարծում եմ, որ ինչ-որ առումով բնական է, քանի որ մեր օրերում շատ քչերին է հետաքրքրում տղամարդկանց նորաձևությունը, նույնիսկ արական սեռի մոդելավորողներին: Իմ դեպքում ամեն ինչ սկսվեց դիպլոմային աշխատանքի ընտրությունից: Ցանկանում էի փորձել մի բան, որը նախկինում չէի տեսել ավարտական ցուցադրությունների ժամանակ: Երկար մտորումներից հետո եկա այն մտքին, որ ցանկանում եմ ինձ փորձել տղամարդկանց հագուստի բնագավառում: Սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների հանդիպեցի, բայց ստեղծագործական գործընթացն ինձ շատ դուր եկավ և որոշեցի հետագայում զբաղվել բացառապես տղամարդկանց հագուստի մոդելավորմամբ:

-Հիմնել եք Ձեր անհատական «ONZE» անվանումով բրենդը, ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս ընթացքում:

-«ONZE» բրենդը պաշտոնապես հիմնադրվել է 2014 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հանդես եմ եկել որպես Տաթևիկ Ավետիսյան: Մասնակցել եմ «Русский Силуэт» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

-Տեղյակ եմ, որ սովորել եք արտերկրում` Ֆրանսիայում: Ընդամենը փորձում էիք կատարելագործվել, թե՞ միջազգային շուկա մտնելու հեռանկարներ կային:

-Սովորել եմ Փարիզի Istituto Marangoni դպրոցում, որն ավարտելուց անմիջապես հետո վերադարձել եմ Հայաստան, քանի որ ցանկանում էի իմ բրենդը հիմնել հայրենիքում և ներկայանալ որպես հայկական ապրանքանիշ: Իսկ ինչ վերաբերում է միջազգային շուկային, կարծում եմ, որ դա ցանկացած մոդելավորողի մեծագույն ցանկությունն ու նպատակն է:

-Ի՞նչ նորություններ սպասենք Ձեզնից և, իհարկե, «ONZE» բրենդից:

-Ցուցադրումից հետո ունեցա բազմաթիվ առաջարկներ, սակայն ցանկանում եմ մի փոքր լիցքաթափվել, ապա թարմ ուժերով մտածել հետագա անելիքների մասին և վերսկսել աշխատանքները: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին