Ինչո՞վ է բռնապետությունը տարբերվում ժողովրդավարությունից՝ քաղաքականությանը մարդկանց մասնակցության տեսակետից: Եվ ինչո՞ւ են Հայաստանում հաճախ ասում, որ մեր երկիրը բռնապետական է, ոչ թե ժողովրդավարական:
Կառավարման այս երկու համակարգերի միջև, ի թիվս այլ տարբերությունների, պետք է հաշվի առնել նաև հետևյալը. բռնապետության ժամանակ իշխանությունն է սահմանում հանրային բարիքը և այն իրացնում կամ իրականացնում պետության միջոցով, իսկ ժողովրդավարության պայմաններում հանրությունն ինքն է ձևակերպում, թե ինչն է իր համար բարիք, և դա ներկայացնում իշխանություններին՝ պետության միջոցներով իրագործելու համար:
Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց... բանն այն է, որ հանրային բարիք ասածը ձևակերպել հանրության մոտ միշտ դժվար է ստացվում, եթե ոչ՝ անհնար: Ինքը՝ հանրությունը, գոյություն չունի որպես մեկ միասնական երևույթ, և հանրային բարիքը հանրության տարբեր խմբերում և շերտերում տարբեր կերպ է ընկալվում:
Այդ պատճառով էլ իշխանությունը ձևակերպում է հանրային բարիքը և երկխոսության կանչում հանրությանը՝ այդ ձևակերպումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: