▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանն առաջ ընկավ վարչապետից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում դիմում է գրելու ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Այդ հանգամանքը հետաքրքրական է եւ՛ ներքաղաքական զարգացումների առումով, եւ՛ նաեւ այն հանգամանքի, որ Սեյրան Օհանյանը կարծես թե տարիներ շարունակ պաշտպանության անկուսակցական նախարար էր: Այժմ փաստորեն պաշտպանության նախարարը կդառնա կուսակցական:

Սա միգուցե մեծ եւ էական փոփոխություններ չի ենթադրում Վիգեն Սարգսյանի գործողություններում, սակայն ինքնին փաստը, որ պաշտպանական ոլորտը կուսակցականացվում է, արդեն իսկ խոսուն է եւ վկայում է իշխանության բյուրեղացման գործընթացի մասին:

Միեւնույն ժամանակ առանցքայինն այստեղ, ըստ ամենայնի, գործընթացի հակառակ «պատճառահետեւանքային» բնույթը կամ ուղղությունն է: Պաշտպանության նախարարի կուսակցականացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Հանրապետական կուսակցության ներսում ուժերի հավասարակշռությունը փոխելու Սերժ Սարգսյանի ռազմավարությամբ, որի մասին նա հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս:

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի իր գործառույթներից բխող լիազորություններով եւ կշռով, ինչպես նաեւ «ռազմաքաղաքական դիվանագիտության ակտիվության» հրամայականով, որի մասին էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՊՆ-ում նոր նախարարին ներկայացնելիս, լինելու է ՀՀԿ տրանսֆորմացիայում Սերժ Սարգսյանի «հարվածային ուժերից» մեկը:

Այստեղ, ի դեպ, ուշագրավ հանգամանք կարող է լինել այն, թե արդյոք Վիգեն Սարգսյանն ու նոր վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի այդ ռազմավարության կոնտեքստում հանդես են գալու միեւնո՞ւյն «փաթեթում», թե՞ այդ երկու գործոնները հակակշելու են միմյանց:

Դեռեւս պարզ չէ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հարցը, այդ սպասումը կա արդեն մի քանի շաբաթ, սակայն որեւէ կերպ չի հստակեցվել՝ Կարապետյանը իր տնտեսական կամ մենեջերական թիմով անդամագրվելո՞ւ է ՀՀԿ-ին նոյեմբերին սպասվելիք համագումարում, թե՞ ոչ: Հարցը տվյալ պարագայում այն է, որ Կարեն Կարապետյանը չի հստակեցրել իր քաղաքական խնդիրները, բայց առանց դրանց հստակեցման նա չի կարող զբաղվել որեւէ տնտեսական խնդրով: Իսկ քանի դեռ նա չունի կամ չի հստակեցրել իր քաղաքական խնդիրները, նա հանդիսանալու է ընդամենը Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի տարր, որը ունի «պիտանելիության» հստակ ժամանակ:

Եվ այդ տեսանկյունից արդեն մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը, փորձելով տրանսֆորմացնել Հանրապետական կուսակցության ներկայիս մեծամասնության պատկերը, այդ գործընթացը միաժամանակ ձգտելու է իրականացնել հակակշիռների մեխանիզմի կիրառմամբ: Եվ այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ մինչ անորոշ է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը, պաշտպանության նախարարը նրանից առաջ է անցնում եւ հայտարարում դիմում գրելու որոշման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին