«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ մինչ օրերս Երեւանի քաղաքապետարանը վերահաստատեց Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշումը, հանրության համար բացահայտվում են Միկոյանի կենսագրական այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչ այժմ քչերը գիտեին։ Մասնավորապես, «Հովհ. Թումանյանի տուն-թանգարան» ֆեյսբուքյան էջում «Առանց մեկնաբանության» վերնագրով հրապարակվել է մի պատմություն, որը ներկայացնում ենք ստորեւ:
««1969թ., Երեւան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարանը բանաստեղծի 100-ամյա հոբելյանին բազմաթիվ հյուրեր ունի: Տիկին Օլգան` Թումանյանի այրին, դիմավորում է նրանց եւ ներս հրավիրում: Հովհաննես Բաղրամյանին բարեւելուց եւ ներս հրավիրելուց հետո` տեսնելով Անաստաս Միկոյանին, Օլգա Թումանյանը կանգնում է դռան դիմաց` փակելով մուտքը, ասում է.«Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա` քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:
Հ.Գ. Հովհաննես Թումանյանի երեք զավակները (չորրորդը զոհվել է ցեղասպանության տարիներին` Վանի գաղթի ժամանակ) ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձան: Ահա նրանք. Մուշեղ (1889-1938), Համլիկ (1896-1937), Արեգ (1900-1938), Արտավազդ (1894-1918),- ասված է գրության մեջ։
Հիշեցնենք, պատմությունից հայտնի է, որ բոլշեւիկ Անաստաս Միկոյանը եղել է Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների իրականացնող քաղաքական գործիչ, սակայն այդ իրողությունը չի խանգարել քաղաքային իշխանություններին որոշում կայացնել քաղաքի կենտրոնում նրա մահարձանը տեղադրելու համար»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում