ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է լրագրողների հետ այսօրվա զրույցը եւ Facebook-յան իր էջում ներկայացրել մի քանի մտքեր.
«Լրագրողների հետ այսօրվա զրույցիս հակիրճ ամփոփումը.
- «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների փուլն այսօր ավարտվում է: Ստացված կարծիքների հիման վրա լրամշակված տարբերակի թարգմանությունը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
- Այսօր կամ վաղը կհրապարակվի «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում անցումային արդարադատությանը վերաբերող անդրադարձ կա:
- Վաղ կենսաթոշակի անցնելու գաղափարից չենք հրաժարվել, գաղափարը նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված գաղափար է:
- Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետև այն Կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան՝ Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով: Գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի:
- Բացառում եմ, որ Կոնվենցիան վավերացնելուց հետո պետությունը ճանաչի միասեռ զույգերի ամուսնությունը:
- Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է, և այդ կոնցեպտը փոփոխման ենթակա չէ: Ցանկացած անձի դեմ բռնությունն անթույլատրելի է և ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է արժանանա համապատասխան կառուցակարգերով պաշտպանության, իսկ դեպքը՝ արդյունավետ քննության»: