ՀՅԴ-ն առաջիկայում կորոշի ՀՀԿ-ի հետ կոլաիցիա կազմելու հարցը: Ավելին՝ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը, ՀՅԴ-ն կարող է ստանալ նաև աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, և ևս մի նախարարական պորտֆել:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ Դաշնակցության նման կուսակցությունն անկախ քննադատություններից, զուտ համահայկական շահերից ելնելով, պետք է համագործակցի իշխանության հետ.
«ՀՅԴ-ն մեր սովորական քաղաքական կուսակցություններից չէ: Այն համահայկական կառույց է և նկատի ունենալով իրավիճակը, որն այսօր ձևավորվել է աշխարհում, մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ, կարծում եմ, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն անհրաժեշտ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբեն Հակոբյանը:
Անի Կարապետյան